Ակցիայի մասնակիցների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել. պատասխանատուն թիվ 1 դավաճանն է, որի ապօրինի հրահանգները Ոստիկանությունը սկսել է շատ ավելի կոպիտ ձևով իրականացնել. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

17:24 • 28.12.20

ԱԺ առանձին պատգամավորներ այսօր պատգամավորին ոչ վայել, խուլիգանական վարքագծով աչքի ընկան՝ փորձելով հրահրել բախումներ քաղաքացիների հետ: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Մենք տեսանք, թե Ոստիկանությունն ինչպիսի հրահանգ էր ստացել ու ԱԺ առանձին պատգամավորներ ինչպես էին իրենց պահում՝ պատգամավորին ոչ վայել, խուլիգանական վարքագծով աչքի ընկնելով և փորձելով հրահրել բախումներ քաղաքացիների հետ: Սրա արդյունքում ոստիկանությունը ոչ միայն դուրս եկավ իր լիազորությունների շրջանակից՝ ցուցաբերելով ակնհայտ ապօրինի վարքագիծ, այլ նաև բերման ենթարկվեցին տարբեր բաժիններ 3 տասնյակի կարգի քաղաքացիներ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան քաղաքացիները ակցիա էին իրականացնում խորհրդարանի մուտքերի մոտ՝ ԱԺ պատգամավորներին հասարակության պահանջները փոխանցելու նպատակով:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ակցիայի ընթացքում և բերման ենթարկվելուց հետո Ոստիկանության տարբեր բաժիններում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ:

«Մասնավորապես, դրանցից մեկով էլ ես ինքս եմ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ներկայացրել հանցագործության մասին, որտեղ շատ հստակ և պատկերավոր ներկայացված են դրվագներ, թե ինչպես են Ոստիկանության ծառայողները խախտելով հավաքների ազատության մասին օրենքը, խոչընդոտել և արգելափակել են քաղաքացիների խաղաղ ակցիա իրականացնելու իրավունքը: Ակցիայի մասնակիցների նկատմամբ բիրտ ուժ կիրառելով զրկել են ազատությունից: Այս բոլորի պատասխանատուն, բնականաբար, թիվ մեկ դավաճանն է, որի ապօրինի հրահանգները Ոստիկանությունը սկսել է շատ ավելի կոպիտ և բիրտ ձևով իրականացնել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: