Դա ընդամենը միֆ է. փոխնախարարը՝ «Իմ քայլը»–ի պատգամավորների հիմնավորման մասին, թե ծխախոտի գովազդից խանութներն ու կրպակները 10 մլն դոլար եկամուտ են ստանում
Այս նախագիծը երկրի իրավիճակի բարելավմանը չի նպաստելու, ընդհակառակը, այն հարված է հասցնելու առողջապահական համակարգին: Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ անդրադառնալով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի» նախագծով սահմանված երեք դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2022 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու օրենքի նախագծին:
Նախագիծը ներկայացրել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը:
«Հայաստանի Հանրապետության այս դժվարին ժամանակաշրջանում մեզ համար անակնկալ էր ծխախոտի օրենքին անդրադարձը, մեր կարծիքով՝ սա այն նախագիծը չէ, որ պետք է հրատապ քննարկվի այս օրերին: Այս նախագծով առաջարկվում է ևս մեկ տարի շարունակել ծխախոտի և տաքացվող ծխախոտի անվերահսկելի գովազդը, որ ծխախոտի տուփերը տեղակայվեն մեր երեխաների տեսողության մակարդակին և գրավեն իրենց»,- ասաց Լենա Նանուշյանը:
Փոխնախարարը նշեց, թե կարծում է, որ չպետք է որևէ արտոնություն տրվի որևէ ծխախոտային արտադրատեսակի և վստահեցրեց, որ ԵԱՏՄ-ի հետ խնդիրներ ևս չկան:
«Միայն երեք կետից մեկի համար է տնտեսական հիմնավորում բերվում և 10 միլիոն դոլար (նկատի ունի խանութներում, կրպակներում ծխախոտի գովազդից ստացվող տարեկան գումարը – Tert.am) թիվ է ներկայացրել Բաբկեն Թունյանը, վարչապետի հանձնարարությամբ ամբողջ կառավարությունը փորձեց գտնել այդ 10 միլիոնը որտեղ է, ցավոք որևէ մեկը չկարողացավ գտնել՝ այդ թվում նաև ՊԵԿ-ը: Հասկանալի է չէ՞, որ դա ընդամենը միֆ է, հարգելի պատգամավորներ»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ կորոնավիրուսային հիվանդության ընթացքում հասկացանք, որ ճիշտ ճանապարհ ենք ընտրել, քանի որ մարդիկ ուղեկցվող հիվանդություններից են մահանում և դրա համար առաջին ռիսկը ծխախոտն է: «Միջազգային փորձագետները գնահատել են, որ եթե մեր ամբողջ բնակչությունը հիվանդանա, նրանցից 117 հազար մարդ բարձր ռիսկի տակ է գտնվում ծայրահեղ ծանր հիվանդությունը տանելու և մահանալու՝ միայն ծխելու պատճառով»,- ասաց նա:
Լենա Նանուշյանը նաև նշեց, որ միջազգային փորձագետների հետ հաշվարկներ են արել, որ ծխախոտը շատ թանկ է նստում երկրի վրա: «Մեր երկրի տնտեսությունը տարեկան կորցնում է 273 միլիարդ դրամ, ինչը համարժեք է ՀՆԱ-ի 4,2 տոկոսին: Գնահատեցինք, թե այս նախագիծը, որքան կնստի մեր երկրի վրա և եթե ընդունվի և մեկ տարով երեք դրույթները հետաձգվեն, երկրի տնտեսությունը կկորցնի 35 միլիոն դոլար միայն 2021 թվականի ընթացքում և արդյունքում կունենանք 310 մահ»,-ասաց նա և կոչ արեց դեմ քվեարկել հանուն առողջ սերունդների:
Նա տեղեկացրեց, որ Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել նախագծին, իսկ ՊԵԿ-ը նշել է, որ որևէ առաջարկ չունի:










