Ռուսաստանն Իդլիբում հրադադարի խախտման ավելի քան 2500 դեպք է արձանագրել Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքից  

18:14 • 28.12.20

Ռուսաստանը սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքից տեղի ունեցած ավելի քան 2500 հարձակում է արձանագրել սիրիական Իդլիբում, ինչի հետևանքով 22 սիրիացի զինվորական է զոհվել: «Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխղեկավար Վյաչեսլավ Սիտկինը:

«Իդլիբի ապաէսկալացիոն գոտում, որտեղ հրադադարի վերահսկողություն է իրականացվում ռուս-թուրքական պայմանավորվածությամբ, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին արձանագրվել է խախտման 2573 դեպք այն տարածքից, որը գտնվում է Թուրքիայի Զինված ուժերի վերահսկման տակ»,- ասել է Սիտկինը ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ կրակահերթերի հետևանքով 22 սիրիացի զինվոր է զոհվել, վիրավորվել՝ 89: Միևնույն ժամանակ ոչնչացվել է անօրինական զինված խմբավորումների 11 և վիրավորվել 40 անդամ:  

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվածություն են ձեռք բերել Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում իրավիճակի կարգավորման մասին և Իդլիբի ապաէսկալացիոն գոտում հրադադարի ռեժիմի պահպանման համատեղ վերահսկողություն են սկսել: