Թուրքիան դեկտեմբերի 30-ից կորոնավիրուսի թեստեր կպահանջի ավիաուղևորներից

17:14 • 28.12.20

Կորոնավիրուսի բացասական թեստը, որպես Թուրքիա մուտքի պարտադիր պայման, դեկտեմբերի 30-ից կպահանջվի ավիաուղևորներից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Turkish Airlines ազգային ավիափոխադրողին հղումով:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարարությունը հաղորդել էր այն մասին, որ դեկտեմբերի 28-ից՝ ինքնաթիռով, իսկ դեկտեմբերի 30-ից՝ ցամաքային փոխադրամիջոցով այս երկիր ժամանող ուղևորները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստ: Այժմ ժամկետը փոփոխվել է, և երկու դեպքում էլ ուղևորներից կորոնավիրուսի բացասական պատախանով թեստ կպահանջվի դեկտեմբերի 30-ից:

«Բոլոր ավիաուղևորները, որոնք ժամանում են Թուրքիա, դեկտեմբերի 30-ի ժամը 00:00-ից (Երևանի ժամանակով 01:00-ից) պետք է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստ, որն իրենց երկրներում արվել է թռիչքից առաջ ոչ ավելի քան 72 ժամվա ընթացքում: Մինչև 6 տարեկան երեխաներին թեստ հարկավոր չէ: Տպագրված կամ էլեկտրոնային ձևով այդպիսի թեստ չունեցողներին թռիչքի չեն թույլատրի»,- ասվում է ավիաընկերության հայտարարությունում: