Ականատես ենք լինում մի խմբակի կողմից կազմակերպված գործողությունների, որի պատճառն անպատժելիության մթնոլորտն է. Վաղարշակ Հակոբյանը՝ Սիսակ Գաբրիելյանի հետ կատարված միջադեպի մասին

17:23 • 28.12.20

Այն, ինչ այսօր տեղի է ունեցել, ուղղակի խայտառակություն է, որը հրճվելու հնարավորություն է ստեղծել որոշ ընդդիմադիրների և սադրիչների համար: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած միջադեպին։

«Այն, ինչ տեղի է ունեցել մեր գործընկեր Սիսակ Գաբրիելյանի հետ, միայն նրա դեմ ուղղված սադրանք չէր, դա սադրանք էր ուղղված բոլորի նկատմամբ, պետական ինստիտուտի նկատմամբ, և կարևոր չէ ընդդիմության, իշխանության ներկայացուցիչ ես, թե անկախ պատգամավոր: Այն, ինչ տեղի է ունեցել մեր գործընկերոջ հետ, կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ, և ես ցավում եմ, որ մենք ականատես ենք լինում մի խմբակի կողմից կազմակերպված գործողությունների, որը նոյեմբերի 9-ին տեղի ունեցող իրադարձությունների ուղղակի շարունակությունն է, որի պատճառը, թերևս, անպատժելիության մթնոլորտն է, որը ձևավորված է Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ իրենք իրավունք չունենք տրվել սադրանքների, իրավունք չունեն օրենքի տառից շեղվել, բայց պետք է անեն ամեն ինչ, որպեսզի վերջ դրվի այս իրավիճակին։

«Ես կոչ եմ անում իմ գործընկերներին, ովքեր ինձ զանգել, նամակներ են գրել, իրենց օգնությունն են առաջարկել, հանգիստ մնալ ոչ մի դեպքում գործողությունների չդիմել, որևէ խնդիր չկա, ամեն ինչ վերահսկելի է, բայց անպատժելիության մթնոլորտը, որը այսօր առկա է, միանշանակ պետք է վերանա»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ազգային ժողովի մոտ ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի և ցուցարարների միջև։ Ցուցարարները նաև ձվեր էին նետել Սիսակ Գաբրիելյանի վրա։ Միջադեպի առիթով հարուցվել է քրեական գործ, 15 մարդ բերման է ենթարկվել։