Բայդենը ենթադրաբար ռուսների կողմից իրականացված կիբերհարձակումներն ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է որակել

10:06 • 29.12.20

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ դեմոկրատներն ու հանրապետականները  կիբերհարձակումներին հակազդելու հարցում միասին կաշխատեն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շարունակում ենք ուսումնասիրել SolarWind-ի դեմ հաքերային հարձակման մասշտաբները, վնասը։ Այս հարձակումը լուրջ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար»,-հայտարարել է նա:

Բայդենը կոչ է արել աշխատել ապագայում կիբերհարձակումների բացահայտման, դադարեցման և պատասխան արձագանքման համար կարողությունների զարգացման ուղղությամբ։

«Սա այն ոլորտն է, որտեղ հանրապետականներն ու դեմոկրատները համաձայնության են եկել։ Մենք պետք է աշխատենք երկկուսակցական հիմքի վրա՝ քաղաքացիներին վնասակար կիբերագործությունից ավելի լավ պաշտպանություն ապահովելու համար»,- նշել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահը։

Նրա խոսքով՝ կառավարության, հատկապես ռազմական բյուջեի ֆինանսավորման հարցում անհրաժեշտ է ապահովել «լիակատար թափանցիկություն, որպեսզի խուսափեն ցանկացած սխալից, որոնցից կարող են փորձել օգտվել հակառակորդները»։

Շաբաթներ առաջ ԱՄՆ կիբեռանվտանգության և ենթակառուցվածքային անվտանգության գործակալությունը (CISA) հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կառավարական հաստատությունները, առանցքային ենթակառուցվածքները և մասնավոր հատվածի կազմակերպությունները կիբերկհարձակումների են ենթարկվել։

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիբերհարձակումների համար մեղադրել էր Ռուսաստանին։

«Մենք կարող ենք պարզ ասել, որ ռուսները ներքաշված են այդ գործողությունների մեջ»,-ասել էր Պոմպեոն:

Նշենք, որ Ռուսաստանը հերքում է կիբերհարձակումներին մասնակցության վերաբերյալ մեղադրանքները։