«Թուրքիան ԵՄ-ի հետ հարաբերություններում նոր էջ կբացի, եթե ազատ արձակի հայտնի գործիչ Օսման Քավալային»․ թուրք լրագրող
Թուրքիան Եվրամիության հետ հարաբերություններում նոր էջ կբացի հասարակական գործիչ, բարերար և գործարար Օսման Քավալայի ազատ արձակման մասին դատարանի որոշմամբ, հայտարարել է Hurriyet թերթի մեկնաբան Աբդուլքադիր Սելվին:
15 անդամներից բաղկացած Սահմանադրական դատարանի գլխավոր ասամբլեան երեքշաբթի կվճռի Քավալային կալանքի տակ պահելու հարցը։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԵՄ-ի հետ «նոր կյանք» սկսելու խոստումները, որոնք արվել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ երկու շաբաթ առաջ կայացած հանդիպման ժամանակ, «շատ դրական էին», հայտարարել է Սելվին:
«Քավալայի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը կդառնա առաջին ուղերձը սպիտակ էջում, որը Էրդողանը ցանկանում է բացել ԵՄ-ի հետ»,-ասել է թուրք մեկնաբանը, որը հայտնի է կառավարության հետ իր սերտ կապերով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը թուրքական դատական համակարգին կոչ է արել կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը և անհապաղ ազատ արձակել Օսման Քավալային։
Ավելի վաղ ՄԻԵԴ-ը վճռել էր անհապաղ ազատ արձակել Քավալային՝ հայտարարելով, որ խախտվել է նրա ազատության և անվտանգության, ինչպես նաև նրա՝ կալանքի տակ պահելու օրինականության հարցի արագ լուծման իրավունքը։
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն դեկտեմբերի 3-ին հրապարակել է բանաձև, որը կոչ է անում ազատ արձակել Քավալային ՝ հայտարարելով, որ նրա բանտարկությունը տեղի է ունեցել ապացույցների բացակայության պայմաններում՝ խախտելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը:
63-ամյա Քավալան կտրականապես հերքում է 2016-ի հեղաշրջման փորձին աջակցելու մեղադրանքները։ Նա տարիներ շարունակ պայքարել է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու, ազգամիջյան տարաձայնությունները հարթելու համար։ Քավալան հայտնի է իր հայամետ դիրքորոշումներով: Նա եղել է Հայաստանում, հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:










