Իսրայելն ու Հունաստանն ամրապնդում են համագործակցությունը պաշտպանական ոլորտում. կողմերը համաձայնության են եկել 1,375 մլրդ եվրո արժողությամբ նախագծի շուրջ
Պաշտպանության ոլորտում առկա իսրայելա-հունական համագործակցությունն էլ ավելի բարձր մակարդակի է հասնում, հայտնում է greekcitytimes.com լրատվական կայքը:
Հինգ ամիս տևած բանակցություններից հետո Հունաստանը և Իսրայելը համաձայնության են եկել՝ Կալամատայի օդանավակայանը թռիչքային ուսուցման կենտրոնի վերափոխելու հարցի շուրջ:
Նախորդ շաբաթ համաձայնագիրը, համապատասխան խորհրդարանական հանձնաժողովին է ներկայացրել պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը:
Ըստ աղբյուրների՝ նախագիծն իրագործելու համար ընտրվել է իսրայելական Elbit ընկերությունը՝ կանադական CAE- ի փոխարեն:
Տրված առաաջարկի արժեքը 1,375 միլիարդ եվրո է. նախագիծն իրականացվելու է 22 տարվա ընթացքում՝ Իսրայելի հետ միջկառավարական համաձայնագրի շրջանակներում:
Այն Հունաստանի և Իսրայելի միջև պաշտպանական համագործակցության հուշագրի մի մասն է միայն, որը հիմնված է՝ ավելի լայն տարածաշրջանում երկու երկրների ընդհանուր աշխարհառազմավարական և աշխարհաքաղաքական շահերի վրա:
Ուսումնական կենտրոնը նախատեսված է լինելու ոչ միայն Հունաստանի օդուժի, այլ նաև այլ երկրների օդաչուների համար:
Հունաստանը, Կիպրոսը և Իսրայելը պայմանավորվել են խթանել պաշտպանական համագործակցությունը, որի նպատակով, անցյալ ամիս, պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը հանդիպել է կիպրոսցի և իսրայելցի իր գործընկերներ Չարալամբոս Պետրիդեսի և Բեննի Գանցի հետ:
Քննարկված հարցերի թվում են եղել վերապատրաստման, տեղեկատվության փոխանակման, ծովային անվտանգության և կիբերանվտանգության ոլորտումների համագործակցությունը:
«Մեր համատեղ նպատակն է իրականացնել երկարաժամկետ և էական ռազմավարական համագործակցություն` հիմնված միջազգային իրավունքի և բարիդրացիության սկզբունքների վրա», - հայտնել է Պանագիոտոպուլոսը:










