ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ 2021-ը համավարակի հետևանքները հաղթահարելու տարի կդառնա
Հաջորդ տարին մարդկությունը պետք է նվիրի կորոնավիրուսի համավարակի և դրա հետևանքների հաղթահարմանը: Այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի՝ գալիք Ամանորի կապակցությամբ դեկտեմբերի 28-ին տարածած ուղերձում։
«Եկե՛ք խաղաղություն կնքենք միմյանց և բնության հետ, հաղթահարենք կլիմայական ճգնաժամը, կանգնեցնենք COVID-19-ի տարածումը և 2021 թվականը դարձնենք ապաքինման տարի․ մահացու վիրուսի հետևանքների, քայքայված տնտեսության և հասարակության ապաքինման տարի։ Այդպիսին պետք է լինի 2021 թվականի մեր ամանորյա խոստումը»,- նշել է Գուտերեշը։
Միավորված ազգերի կազմակերպության անունից նա բոլորին մաղթել է «երջանիկ և խաղաղ Ամանոր»։
Նշենք, որ համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 80,8 մլն մարդ, ավելի քան 1,7 մլն մարդ մահացել է:










