«Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի քննադատությունը կապված է աշխարհաքաղաքական պայքարի հետ». Արգենտինայի նախագահ
Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, որը քննադատության է ենթարկվել որոշակի շրջանակներում, հարձակումների թիրախ է դարձել առևտրի և աշխարհաքաղաքական պայքարում: Նման կարծիք է հայտնել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը TV Publica հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Նախ, մենք պետք է հաշվի առնենք ծավալվող առևտրային պատերազմը: Բացի այդ, քանի որ աշխարհը ցանկանում է պատվաստանյութեր ստանալ, կա նաև աշխարհաքաղաքական պայքար, թե ով կտրամադրի այն: Եվ ես կարծում եմ, որ սա այն է, ինչ մենք տեսնում ենք «Գամալեայի անվան կենտրոնի» պատվաստանյութերի դեպքում»,-ասել է Արգենտինայի նախագահը:
Ֆերնանդեսը նշել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունը բիզնես է, որը կապված է միլիոնավոր դոլարի գործարքների հետ:
«Կա կոշտ պայքար, երբեմն կեղտոտ, որի ընթացքում ոմանք վարկաբեկում են մյուսներին»,- ավելացրել է նախագահը:
«Տպավորություն է ստեղծվում, որ մենք ինչ-որ վատ բան ենք արել, երբ Արգենտինային 300 000 չափաբաժին է առաքվել»,-ասել է Ֆերնանդեսը ՝ մեկնաբանելով բացասական կամ թերահավատ վերաբերմունքը «Սպուտնիկ V»-ի նկատմամբ արգենտինական ընդդիմադիր քաղաքական գործիչների ու լրագրողների շրջանակում:
Ավելի վաղ Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամը և Արգենտինայի կառավարությունը պայմանագիր էին կնքել «Սպուտնիկ V»-ի 10 միլիոն չափաբաժնի մատակարարման համար: 300 000 չափաբաժնով առաջին խմբաքանակը հարավամերիկյան հանրապետություն է ուղարկվել դեկտեմբերի 24-ին: Պատվաստումները երկրում սկսվելու են դեկտեմբերի 29-ից:










