ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կրկին հավանություն է տվել 2021 թ. պաշտպանական բյուջեի նախագծին՝ շրջանցելով Թրամփի վետոն

04:35 • 29.12.20

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կրկին հավանություն է տվել 2021 թ. պաշտպանական բյուջեի 740 միլիարդ դոլարանոց նախագծին՝ շրջանցելով գործող նախագահ Թրամփի վետոն, հաղորդում է ТАСС-ը:

Պաշտպանական բյուջեի նախագծով նախատեսվում է «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազամուղների պատճառով պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Բացի այդ, նախատեսվում է Թուրքիայի դեմ պարտադիր պատժամիջոցներ կիրառել՝ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման կապակցությամբ:

Թրամփը վետո էր դրել պաշտպանական բյուջեի ծրագրի վրա ու հայտարարել դրա ընդունումը տապալելու մտադրության մասին՝ պնդելով, որ պաշտպանական բյուջեի ծրագրում առկա որոշ դրույթներ հակասում են իշխող վարչակազմի կողմից ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության ոլորտներում ԱՄՆ-ի առաջատար դիրքը ապահովելուն միտված ջանքերին: Իսկ դա Թրամփը Չինաստանի ու Ռուսաստանի համար «մեծ նվեր» է համարում:

 

Հիշեցնենք, որ S-400-ների պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017-ին։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։

«CAATSA» օրինագծով նույնիսկ նախատեսվում է սահմանափակել ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային և կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել թուրք բարձրաստիճան  պաշտոնյաների դեմ։