Ճապոնիան ԱՄՆ-ին փոխանցել է գաղտնի տվյալներ, որոնք օգտագործվել են Չինաստանի վրա ճնշում գործադրելու համար. «Կիոդո»

11:29 • 29.12.20

Ճապոնիայի կառավարությունը  Միացյալ Նահանգներին և Մեծ Բրիտանիային գաղտնի տեղեկություններ է փոխանցել Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար մարզում տիրող իրավիճակի մասին, որոնք Վաշինգտոնը օգտագործել է մարդու իրավունքների խախտումների մեղադրանքների և Պեկինի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է «Կիոդո» գործակալությունը՝ հղում տալով ճապոնական և ամերիկյան աղբյուրներին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Տվյալների համաձայն` Տոկիոն հետախուզական տեղեկատվություն է տրամադրել Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի մասին ՝ պայմանով, որ Վաշինգտոնը և Լոնդոնը հրապարակավ չեն նշի այս տվյալների աղբյուրը:

Ինչպես նշում է գործակալությունը, նման տեղեկատվության փոխանցումը ցույց է տալիս հետախուզական համագործակցության ամրապնդումը Ճապոնիայի և Five Eyes դաշինքի միջև, որն ընդգրկում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետախուզական ծառայությունները:

Տոկիոն պաշտոնապես այս կառույցի անդամ չէ, բայց անհատական դեպքերում դրան տրամադրում է իր սեփական հետախուզական տվյալները: Ճապոնիայի կառավարության պաշտոնյաները նախկինում հայտնել էին այս դաշինքի հետ ավելի սերտ համագործակցելու մտադրության մասին: