2020 թվականին առնվազն 50 լրագրող է սպանվել ողջ աշխարհում. «Լրագրողներ առանց սահմանների»
Առնվազն 50 լրագրող և մեդիա ոլորտի աշխատակից է սպանվել այս տարի ողջ աշխարհում: Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ամենամյա զեկույցը, նրանց մեծամասնությունը զոհվել է ոչ պատերազմական երկրներում:
Զեկույցում նշվում է, որ լրագրողները թիրախավորվել և սպանվել են իրենց աշխատանքի պատճառով: Այս տարի սպանված լրագրողների 83 տոկոսը միտումնավոր հարձակման զոհ է դարձել, մինչդեռ 2019-ին այդ ցուցանիշը 63 տոկոս էր կազմել:
Այս տարվա զեկույցը ներառում է հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը տեղի ունեցած դեպքերը:
Ընդհանուր ցուցանիշը նվազել է 2019-ի 53 զոհի համեմատ: Նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով լրագրողների գործունեությունը ևս կրճատվել է:
Լրագրողների համար ամենավտանգավոր երկրների շարքը գլխավորում է Մեքսիկան, որտեղ միջինում 8-10 լրագրող է սպանվում անցյալ հինգ տարիների տվյալներով:
Վտանգավոր երկրներից են նաև Իրաքը, Աֆղանստանը, Հնդկաստանը և Պակիստանը:










