Արդեն 25 տարի է՝ մենք այցելում ենք Եռաբլուր, մեր քաղաքական դաշտը Եռաբլուրն է. Սաթիկ Խլղաթյան
Սևազգեստ մայրերն այսօր այցելել են Եռաբլուր՝ հարգանք տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին: Լրագրողների հետ զրույցում «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը նշեց, որ իրենք ամեն տարի՝ արդեն 25-26 տարի, ավանդույթ դարձրած, այցելում են Եռաբլուր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհված ազատամարտիկներին:
«Ես չեմ ուզում մեր այս քայլը քաղաքականացնեն, մենք 25 տարի այսպես գալիս ենք: Գիտեք՝ այսօր մեր պետական այրերը, իշխանությունները, երբ տեսնում են սևազգեստ մայրերին, սկսում են քաղաքականացնել, կապում են ինչ-որ քաղաքական ուժի հետ, ոչ, մենք այն ընտանիքներն ենք, որոնց քաղաքական դաշտը Եռաբլուրն է, ուրիշ քաղաքական դաշտ մենք չունենք»,- ասաց նա:
Սաթիկ Խլղաթյանը նշեց, որ փոխարենն իրենք ունեն բազմաթիվ սոցիալական խնդիրներ: «Զոհվածների երեխաները, ծնողները մեծացել են, ունեն առողջական խնդիրեր և ընդամենը ստանում են 30 հազար դրամ թոշակ, այրիների դեպքում, երբ հայրը, մայրը կան, կիսվում է, դառնում՝ 15 հազար դրամ, բնականաբար 15 կամ 30 հազար դրամով զոհվածի ընտանիքը չի կարող գոյատևել, ուր մնաց ապրի»,- ասաց նա:
Սաթիկ Խլղաթյանը նշեց, որ այսօր կառավարությունն անտեսել է այս ընտանիքներին. «Ես հասկանում եմ, որ մենք այսօր ունենք ավելի շատ զոհ, քան ունեցել ենք 90-ական թվականներին, բայց մեր պետությանն այնքան աջակցություն է եղել, որ կարող էր օգնել: Մինչև այս պատերազմը մենք դուրս ենք եկել կառավարության շենքի մոտ պահանջատերի իրավունքով: Մենք համեստորեն ապրում էինք մեզ համար, բայց, քանի որ կառավարությունը «Մարտի 1-ի» զոհերին ավելի արժևորեց, քան Արցախյան պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկներին, հենց այդտեղ առաջացավ մեր ժողովրդի մոտ ըմբոստացում: Զանգում, ասում էին՝ սոված ենք, դեղի փող չունենք: Ես ստանձնել եմ պարտականություն՝ լինելու այդ ընտանիքիների կողքին, և ես ոչ միայն կազմակերպության ղեկավար եմ, այլ իրենցից մեկն եմ»,- նշեց նա:
Խլղաթյանը նշեց, որ չէր էլ սպասում, թե կառավարությունը իրենց որևէ աջակցություն կցուցաբերեր. «Տեսաք՝ մեզ այս մեկի մոտից էն մյուսի մոտ ուղարկեցին, վերջում դատարան, և մենք պարտվեցինք: Մեծ հավատով էինք դիմել վարչապետին, մեզ անվանեցին է՛լ նախկիններ, է՛լ իրենց իշխանավորների ֆեյքերի միջոցով, տեսաք, մեզ ինչեր գրեցին: Նույնիսկ սրբություն չունեն և հաշվի չեն առնում, որ զոհվածների ընտանիքներ ենք»,- նշեց նա:










