Պենտագոնը վստահեցնում է` գործադրում են հնարավոր բոլոր ջանքերն իշխանությունը Բայդենի վարչակազմին փոխանցելու ուղղությամբ

05:44 • 29.12.20

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը Ջո Բայդենի վարչակազմին իշխանության լիազորությունների փոխանցման գործընթացի շրջանակում, ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է Պենտագոնի տարածած հայտարարությունում:

«ԱՄՆ պաշտպանության նախարարության գործադրած ջանքերն արդեն իսկ գերազանցում են նախորդ վարչակազմերի ջանքերը: Մենք շարունակում ենք պլանավորել հավելյալ հանդիպումներ անցումային ժամանակահատվածի մնացած ընթացքում և պատասխանել մեր պատասխանատվության շրջանակում գտնվող բոլոր հարցերին»,- նշված է Պենտագոնի հայտարարությունում:

Ավելի վաղ ԱՄՆ ընտրված նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Պենտագոնի քաղաքական ղեկավարությունը խոչընդոտում է հաջորդ վարչակազմին իշխանությունը փոխանցելու գործընթացին:

«Որոշ գերատեսչություններում մեզ ընդառաջ ելան, իսկ որոշներում, հատկապես՝ պաշտպանության նախարարությունում, քաղաքական ղեկավարության կողմից խոչընդոտների ականատես եղանք»,- հայտարարել էր Բայդենն անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում:

Բայդենն ասել էր, որ անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեցող մի շարք գերատեսչություններ գործող իշխանության օրոք «լուրջ վնաս են հասցրել»:  

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներով դեմոկրատ Ջո Բայդենը ստացել է նախագահ դառնալու համար անհրաժեշտ ավելի քան 270 ձայն ընտրիչների կողմից, իսկ Թրամփը պնդում է, որ ընտակեղծիքներ են եղել, և որ ինքն է հաղթել ընտրություններում: