Սիրիայի քրդերն ի նշան զայրույթի քարեր են նետել ամերիկացի զինծառայողների ուղղությամբ (տեսանյութ)

14:46 • 29.12.20

Վերջերս մի խումբ քաղաքացիական անձինք քայլել են դեպի սիրիական Ղամիշլի քաղաքի (Հասաքե նահանգ) ծայրամասում գտնվող M-4 մայրուղին՝ իրենց դժգոհությունն արտահայտելու ամերիկյան զորքերի նկատմամբ: Այս մասին գրում է Al-Masdar News գործակալությունը:

Սոցցանցերում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես են քաղաքացիական անձինք քարեր նետում ամերիկյան ռազմական մեքենաների ուղղությամբ: Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի զորքերը թիրախավորվում են Հասաքե նահանգի տեղացիների կողմից. սա սկսվել է նրանից, որ նրանց ստորաբաժանումները լքել են Թուրքիայի սահմանին գտնվող իրենց դիրքերը, որոնք կիսում էին «Սիրիայի դեմոկրատական ուժեր» արաբա-քրդական դաշինքի հետ:

Տեղի բնակչության զայրույթը պարբերաբար զգում են նաև ռուս զինվորականները, որոնց ավտոշարասյան ուղղությամբ Այն Ասա քաղաքի մոտակայքում (Ռաքքայի նահանգ) քարեր էին նետվել:

Հասաքեի և Ռաքքայի բնակչությունը դիմել է ամերիկյան և ռուսական զորքերին՝ նրանց թուրքական ագրեսիայից պաշտպանելու համար, սակայն մինչ այժմ երկու ուժերն էլ ձեռնպահ են մնացել Սիրիայի հյուսիսում Անկարայի հետ առճակատումից:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: