Ուկրաինայում ուժի մեջ է մտել Դոնբասի հատուկ կարգավիճակի երկարացման մասին օրենքը
Ուկրաինական պաշտոնական մամուլում հրապարակվել և ուժի մեջ է մտել Դոնբասի հատուկ կարգավիճակը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը երկարացնելու մասին օրենքը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադան երկարաձգել էր Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, ինչից հետո օրենքը ստորագրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Այս օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից», - ասվում է օրենքի տեքստում, որը երեքշաբթի հրապարակվել է Գերագույն ռադայի «Ուկրաինայի ձայն» թերթում:
«Սույն օրենքով ժամանակավորապես ուժի մեջ մտնելու օրվանից, հաշվի առնելով Ուկրաինայի «Դոնեցկի և Լուգանսկի մարզերի որոշակի տարածքներում իրավիճակի խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման մասին» օրենքի դրույթները` մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներդրվում է տեղական ինքնակառավարման հատուկ կարգ Լուգանսկի և Դոնեցկի որոշ շրջաններում», - ասված է փաստաթղթի տեքստում:
Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է 2014 թվականին, բայց երբեք չի գործարկել: 2018-ի աշնանը Ուկրաինայի խորհրդարանը այն երկարաձգել է մինչև 2019-ի վերջ, իսկ նորմանդական քառյակի (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա)` Փարիզում 2019 թվականի դեկտեմբերին կայացած հանդիպումից հետո Գերագույն ռադան արտահերթ նիստում երկարացրել է Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը մինչև դեկտեմբերի 31-ը: 2020 թվականին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ Դոնբասի հատուկ կարգավիճակի երկարացումը նոր ռիսկեր չի ստեղծում Կիևի համար, դա հաստատում է Մինսկ-2-ի շրջանակներում աշխատելու պատրաստակամությունը:










