Պեսկովը հայտարարել է, որ Պուտինին չեն զեկուցում Նավալնիի դեմ յուրաքանչյուր գործի մասին

16:08 • 30.12.20

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը ոչ մի զգացողություն չի առաջացնում նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Վլադիմիր Պուտինի մոտ զգացմունքներ են առաջացնում իր ու կառավարության առջև ծառացած խնդիրները, ուրախության զգացողություն են առաջացնում  տարվա ընթացքում կարգավորված հարցերը, և մոբիլիզացիայի զգացողություն են առաջացնում այն հարցերը, որոնք դեռ սուր դրված են օրակարգում»,-նշել է Պեսկովը:

Ըստ Կրեմլի խոսնակի, գերատեսչություններն իրենց աշխատանքի մասին պատշաճ ժամկետում զեկուցում են նախագահին, բայց Պուտինին որոշ քաղաքացիների նկատմամբ կատարված բոլոր քննչական գործողությունների մասին տեղեկացնելու վերաբերյալ խոսք լինել չի կարող:

«Գիտեք՝ Պուտինը հիսթերիայի մեջ չէ: Պուտինը պատրաստվում է վարչապետի հետ հանդիպմանը և անցկացնում է միջազգային հեռախոսային խոսակցություններ ՝ շնորհավորելով իր գործընկերներին գալիք Նոր տարվա կապակցությամբ: Հավանաբար, ավելի լավ է բոլոր մյուս մանրամասները հարցնել Քննչական կոմիտեից, մենք այդ տեղեկատվությունը չունենք»,-ասել է Պեսկովը` պատասխանելով խնդրանքին` մեկնաբանել Նավալնիի խոսքերը այն մասին, որ «Պուտինը հիսթերիայի մեջ է»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի դեմ խոշոր չափերի խարդախության գործով: Այս մասին տեղեկացնում է EAdaily լրատվականը` հղում տալով ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին:

«Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը հավաքել է բավարար տվյալներ, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ Ալեքսեյ Նավալնիի և այլ անձանց դեմ ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով նախատեսված հանցագործության համար (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)»,-ասել է Պետրենկոն:

Հետաքննության տվյալների համաձայն` ոչ առևտրային կազմակերպությունների` այդ թվում «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի», «Տարվա 5-րդ եղանակ» ԶԼՄ-ների աջակցության հիմնադրամի, «Քաղաքացիների իրավունքների պաշտպանության կազմակերպման և համակարգման հիմնադրամի», «Քաղաքացիների իրավական ապահովման հիմնադրամի» «ՇՏԱԲ» քաղաքացիների իրավունքների պաշտպանության հիմնադրամի կարիքների համար ֆիզիկական անձանցից որպես նվիրատվություն հավաքվել է ավելի քան 588 միլիոն ռուբլի գումար, որոնք նախատեսված էին բացառապես հիմնադրամների կարիքների համար:

Այնուամենայնիվ, Նավալնին, որը վերոհիշյալ կազմակերպությունների փաստացի ղեկավարն է, այլ անձանց հետ միասին, այդ գումարից ավելի քան 356 միլիոն ռուբլի ծախսել է անձնական նպատակների համար՝ անձնական ունեցվածքի ձեռքբերում, նյութական արժեքներ և ծախսերի վճարում, ներառյալ հանգիստ արտերկրում: Այսպիսով, ինչպես ընդգծում է Պետրենկոն, քաղաքացիներից հավաքված միջոցները գողացվել են: