Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գործընթացն արագացնելու համար ես կկիրառեմ պաշտպանական արտադրության մասին օրենքը. Բայդեն

01:50 • 30.12.20

ԱՄՆ ընտրված նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը հաստատել է, որ երդմնակալությունից հետո կկիրառի պաշտպանական արտադրության մասին օրենքը երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տարածումն արագացնելու համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ նշելով, որ Բայդենն այդ հայտարարությունն արել է Դելավեր նահանգում՝ Ուիլմինգթոնում իր ելույթի ժամանակ:

«Պատվաստանյութերի գործընթացն արագացնելու համար ես կկիրառեմ պաշտպանական արտադրության մասին օրենքը, երբ կանցնեմ պաշտոնի: Ես կհրահանգեմ, որ մասնավոր ընկերություններն արագացնեն պատվաստանյութերի ստեղծման համար անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև պաշտպանիչ սարքավորումների արտադրությունը»,- ասել է Բայդենը, որի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու 2021-ի հունվարի 20-ին:

Նշված օրենքը նախագահին թույլ է տալիս մեծացնել որոշակի ապրանքների արտադրության ծավալները ազգային անվտանգությունն ուժեղացնելու համար: ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս օգտվել է այս փաստաթղթի դրույթներից: