Շվեյցարիայում Pfizer և BioNTech ընկերությունների պատվաստանյութի ներարկումից հետո մահվան դեպք է արձանագրվել

20:04 • 30.12.20

Շվեյցարիայի Լյուցեռն կանտոնի ծերանոցներից մեկում մահվան դեպք է արձանագվել կորոնավիրուսի դեմ Pfizer և BioNTech ընկերությունների ամերիկա-գերմանական համատեղ պատվաստանյութի ներարկումից հետո:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին, ներկա պահին դեռևս ապացույց չկա, որ մահը պայմանավորված է պատվաստմամբ:

Շվեյցարական RTS հեռարձակող ընկերության տեղեկություններով՝ ներարկումն արվել է դեկտեմբերի 24-ին: Լյուցեռնի տվյալ հաստատությունում բնակվում են դեմենցիա ունեցող մարդիկ: Մահը վրա է հասել 5 օր անց:

Կատավարծի հանգամանքները դեռևս պարզ չեն: Նշվում է, որ պատվաստումն իրականացնող բուժանձնակազմը կապի դուրս չի եկել հաստատության բժիշկների հետ և չի հայտնել ներարկման պահին հիվանդի ինքնազգացողության վատթարացման մասին:

Շվեյցարիայում դեկտեմբերի 23-ին մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման արշավը, որի շրջանակներում օգտագործվում է Pfizer և BioNTech ընկերությունների դեղամիջոցը:

Երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 442 481-ի, մահվան ցուցանիշը՝ 6909-ի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նույն պատվաստանյութի ներարկումից հետո երկու իսրայելցիների մահվան մասին: Մահացողները 88-ամյա և 75-ամյա տղամարդիկ են եղել: