Իրանը 150 հազարական դոլար փոխհատուցում կվճարի հունվարի սկզբին խոցված ուկրաինական Boeing-ի 176 զոհերի ընտանիքներին  

17:42 • 30.12.20

Իրանի կառավարությունը հաստատել է Թեհրանի կողմից սխալմամբ խոցված ուկրաինական ինքնաթիռի ավիաաղետի զոհերի ընտանիքներին 150 000 դոլարի չափով փոխհատուցում տալու առաջարակը:

Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը, կառավարության որոշմամբ՝ յուրաքանչյուր զոհի համար նախատեսվում է վճարել 150 000 դոլար կամ դրան համարժեք գումարը եվրոյով: Վճարումն իրականացնելու գործընթացը հանձնարարվել է ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարությանը: Դա պետք է տեղի ունենա մինչև ինքնաթիռի կործանման առաջին տարելիցը:

Նշենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել Իրանում ուկրաինական Boeing-ի կործանման առնչությամբ հետաքննության ավարտի մասին:

Հիշեցնենք, որ ուկրաինական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը պատահաբար խոցվել էր իրանական ուժերի կողմից 2020 թվականի հունվարի 8-ին՝ Թեհրանում օդ բարձրանալուց րոպեներ անց: Զինվորական ուժերն ինքնաթիռը դիտարկել էին որպես «թշնամական թիրախ»: Կատարվածի հետևանքով մահացել էր 176 մարդ: