Նախկինները՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, ստեղծել են հայրենիք, հայը կարողացել է հպարտ լինել, իսկ այս կեղծ հպարտները այսքանից հետո համարձակվում են մեղադրել նախկիններին. Միհրան Հակոբյան (տեսանյութ)

13:19 • 30.12.20

Տեղի ունեցածը պատմական մասշատբների աղետ է, այս աղետը, որ մեր պետության, ժողովրդի, երկրի գլխին եկավ, դրան նույնիսկ անուն չենք կարողացել տալ, որովհետև դեռ շոկային իրավիճակում է գտնվում համայն հայությունը: Այս մասին ՀՀ սահմանների անվտանգության թեմայով ասուլիսին հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:

«Այս աղետը համեմատելի է 100 տարի առաջ տեղի ունեցած աղետի հետ, երբ հայ-թուրքական պատերազմում Հայաստանը պարտվեց և կորցրեց հսկայական տարածքներ, հերթական ցեղասպանական գործողությունները տեղի ունեցան հայ ժողովրդի հետ. փաստացի վերջին հարյուր տարում հայ ժողովուրդն այսպիսի խայտառակ ստորացուցիչ պարտություն չէր կրել: Վերջին հարյուր տարվա հայ ժողովրդի ձեռքբերումը ներկայիս իշխանություն կոչվածը բառի բուն իմաստով լցրեց ջուրը: Արցախը Հայաստանի Երրորդ Հանրապետության էքզիստենցիալ, գոյաբանական իմաստն էր: Հայաստանի 3-րդ Հանրապետություն ասել առանց Արցախի, ուղղակի անհնար է: Մենք դեռևս չենք վերացրել այս կործանարար պատերազմի հետևանքները»,- նշեց նա:

Նա նշեց, որ կան նոր մարդասպանություններ, նոր դիակներ, պատերազմից այսքան ժամանակ անց, մենք դեռևս հատուցում ենք մեր տղաների կյանքով ու չգիտենք՝ դա ինչի համար, ինչի պատճառով է այդպես, ո՞վ է մեղավոր այս ամեն ինչի համար: «Պատերազմն այսքան ժամանակ ավարտվել է, այս տղաները որտե՞ղ են սպանվել, ինչո՞ւ են սպանվել, ո՞վ պետք  է զբաղվեր այս տղաների էվակուացիայով: Սա բառի բուն իմաստով աղետ է, որի մեջ մենք շարունակվում ենք գտնվել: Դա չի ավարտվել և շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Հայաստանի իշխանության գլխին նոմինալ գտնվում են այս անբարոյական և անտաղանդ անձնավորությունները»,- ընդգծեց Հակոբյանը:

Հարցին՝ արդյոք չե՞ն սպառվել բոլոր օրենքով նախատեսված ճանապարհները՝ դավաճանին հեռացնելու համար, գուցե այլ ճանապարհ կա, իր գծած ճանապարհով գնալու դեպքում հաջողություն չի արձանագրում ընդդիմությունը, քանի որ նա ասում է՝ ժողովուրդը չի պահանջում իր հրաժարականը, Միհրան Հակոբյանը պատասխանեց. «Նախ պետք է հասկանանք այդ լղոզված հասկացությունը՝ ինչ է ժողովուրդը: Ակնհայտ է, որ Փաշինյանի պատկերացրած ժողովրդի մեջ կրթված, հաջողության հասած, բարեկիրթ մարդը չի մտնում, ժողովուրդն իր համար անգրագետ, տհաս մի բիոզանգված է, սա է նրա ժողովուրդը: Նա, որ ասում է «ժողովուրդ», նկատի ունի այն մարդկանց, որոնք ասում են՝ մի բան էլ ուշացրել էիք, Արցախը շուտ պետք է տայինք, նկատի ունի այն մարդկանց, ովքեր ասում են՝ այդ հողերը ադրբեջանական էին, սա է նիկոլ Փաշինյանի ժողովուրդը»:

Հակոբյանի խոսքով՝ այս դավաճանների խմբակը կապ չունի հայ ժողովրդի հետ, հայ ժողովուրդը կրթված, մշակույթ ստեղծած մարդիկ են: Հակոբյանը նշեց, որ նրա կողմնակիցները մնացել են մարդիկ, որոնք դեմ չեն լինի, եթե Փաշինյանը իշխանությունը հանձնի Ալիևին, միայն թե նախկինները հետ չգան: «Այսպիսի տհաս և անբարոյական մոտեցում կա»,- շեշտեց նա և հավելեց.

«Նիկոլ Փաշինյանն անամոթաբար ասում է՝ սա էլիտայի բունտն է, բա ո՞ւմ բունտը լիներ, նախիրի՞: Նա որպես ժողովուրդ պատկերացնում է մի զանգված, մի նախիր, որի նախրապետն է, իրեն այդպես է ձեռք տալիս: Նա այդպես էլ չհասկացավ այս երեք տարվա ընթացքում, որ այդ նախիրը չի բարիք ստեղծում, որից դու հարկ ես հավաքում, քո համար ազգային բարիք ստեղծողը չի ուզենալու ապրի, հարկ տա մի երկրում, որտեղ  դու թիկնապահներով պտտվես, ոչինչ չանես ու ապրես օլիգարխի կյանքով»:

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե նախկիններն են մեղավոր հողերը հանձնելու մեջ, Հակոբյանն ասաց. «Նախկինները՝ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, մինչև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը, ստեղծել են հայրենիք և հայ ժողովրդին հնարավորություն են ընձեռել բաց ճակատով, գլուխը բարձր աշխարհով ման գա ու հպարտ ապրել, այս կեղծ հպարտները, որ այսքանից հետո իրենց հպարտ են համարում, համարձակվում են մեղադրել նախկիններին: Դա անասնական խոսակցություն է, երբ կարող են ասել՝ էդ հողերն արդեն 20 տարի առաջ ծախել էին, և այս խոսակցության մեջ մտնելը պատիվ չի բերում»:

Մանրամասները՝ տեսանյութում: