Պիեռ Կարդենը միշտ կմնա իր հայրենակիցների հիշողության մեջ որպես ֆրանսիական նորաձևության դեսպան. Մակրոն
Հանրահայտ մոդելավորող Պիեռ Կարդենը միշտ կմնա իր հայրենակիցների հիշողության մեջ որպես ֆրանսիական նորաձևության դեսպան: Այս մասին, ինչպես հաղորդում է ТАСС-ը, նշվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Կարդենի մահվան հետ կապված ցավակցական հայտարարության մեջ:
«Կարդենը ոչ միայն փոխել է նորաձևության օրենքները, նա իրեն բնորոշ դիվանագիտություն էր իրականացնում՝ Պեկինում ցուցադրություն և Մոսկվայի Կարմիր հրապարակում համալսարանական երիտասարդների տոնի առթիվ դեֆիլե կազմակերպելով»:
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ մոդելավորողն իր ստեղծագործություններով երկխոսության մեջ էր մտնում արվեստի բոլոր ճյուղերի հետ կինոյից մինչև ճարտարապետություն: Ֆրանսիացի առաջնորդն ընդգծել է, որ «Կարդենը նաև գեղարվեստական ստեղծագործականության, պարերի, օպերայի անխոնջ մեկենաս է»:
Պիեռ Կարդենը մահացել է երեքշաբթի առավոտյան կյանքի 98-րդ տարում Փարիզի արվարձանում գտնվող հիվանդանոցում:










