ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հաջողությունների ֆոնին՝ Միացյալ Թագավորությունը ցանկանում է թուրքական «Բայրաքթար»-ներ գնել. The Guardian

12:41 • 30.12.20

Ակնկալվում է, որ Միացյալ Թագավորության զինված ուժերը ձեռնամուխ կլինեն մարտական անօդաչու թռչող սարքերի նոր ծրագրի իրականացմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակում Ադրբեջանի կողմից այս տեխնոլոգիայի հակասական օգտագործման ֆոնին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:

Պարբերականի հոդվածում նշվում է՝ երկրի պաշտպանության նախարարության պաշտոնյաներն այն կարծիքին են, որ վեցշաբաթյա աշնանային պատերազմում Ադրբեջանի կողմից ավելի էժան թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարևոր նշանակություն է ունեցել հայերին պարտության մատնելու և նրանց տարածքային զիջումներ հարկադրելու համար:

Այս առնչությամբ The Guardian-ի պաշտպանության նախարարության իրազեկ աղբյուրները մանրամասնել են, որ Մեծ Բրիտանիան ցանկանում էր ստեղծել իր սեփական ավելի էժան անօդաչու թռչող սարքերը, որպես 2021 թվականի սկզբին ներկայացվող հնգամյա պաշտպանության վերանայման մաս, չնայած մահացու անօդաչու թռչող սարքերի տարածման ռիսկերի մասին նախազգուշացումներին:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի սկզբին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Վալլասն, անդրադառնալով թուրքական արտադրության «Բայրաքթար ՏԲ2» անօդաչու թռչող սարքերին, նշել էր, որ ԼՂ հակամարտությունում ԱԹՍ-ներն են պատասխանատու եղել հարյուրավոր զրահատեխնիկաների և նույնիսկ հակաօդային պաշտպանության համակարգերի ոչնչացման համար:

Ըստ տարբեր վերլուծաբանների գնահատականների՝ Բայքար Մաքինայի արտադրության «ՏԲ2» անօդաչու թռչող սարքերից յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 1-2 միլիոն դոլարի սահմաններում, ինչն անհամեմատ ավելի քիչ է, քան բրիտանական զինված ուժերի կողմից վճարված 20 միլիոն ԱՄՆ դոլարը՝ 16 բարձրակարգ, հաջորդ սերնդի «Պրոտեկտոր» ԱԹՍ-ների ձեռք բերման նպատակով, որոնք նախատեսված են նավատորմի համար:

Նշենք՝ վերջիններս արտադրվում են ամերիկյան General Atomics ընկերության կողմից: