Նոր կառավարության անդամների ժամանման պահին Եմենի օդանավակայանում հզոր պայթյուն է որոտացել. կան զոհեր ու վիրավորներ

15:46 • 30.12.20

Հարավային Եմենի մայրաքաղաք Ադենի օդանավակայանի ժամանումների սրահում ուժեղ պայթյուն է որոտացել Սաուդյան Արաբիայից ինքնաթիռով կառավարական պատվիրակության՝ այնտեղ ժամանելու պահին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կան զոհեր և վիրավորներ, բայց այդ ժամանակ նախարարները եղել են ինքնաթիռում, նրանք չեն վիրավորվել», - գործակալությանն ասել է սեփական իրազեկ աղբյուրը:

Նրա խոսքով ՝ բոլոր նախարարները տեղափոխվել են Ադենի կառավարական պալատ:

Հիշեցնենք՝ դեկտեմբերին Եմենի նախագահ Աբդու Ռաբբու Մանսուր Հադին, որը գտնվում է Սաուդյան Արաբիայում, նշանակել է 24 նախարարներից բաղկացած նոր կառավարություն, որում ընդգրկված են Հարավային Եմենի Անցումային խորհրդի հինգ ներկայացուցիչներ, որոնք պաշտպանում են հարավային Եմենի անջատումը:

Այսօր նոր կառավարությունը ժամանել էր Ադեն Ռիադից, որը դարձել է Եմենի միջազգայնորեն ճանաչված իշխանությունների ժամանակավոր մայրաքաղաքը այն բանից հետո, երբ 2014-ին ապստամբ հութիները Սանայում գրավել են իշխանությունը: