Խորվաթիայում 4-րդ օրն անընդմեջ երկրաշարժ է գրանցվում
Խորվաթիայում 4-րդ օրն անընդմեջ երկրաշարժեր են գրանցվում: Այսօր` դեկտեմբերի 31-ի առավոտյան, տեղի են ունեցել մի քանի նոր ցնցումներ, որոնցից խոշորագույնի ուժգնությունը կազմել է 3,7 մագնիտուդ: Այս մասին տեղեկացնում է Večernji list պարբերականը:
Նշվում է, որ ցնցումներ են գրանցվել Պետրինյա, Գլինա և Սիսակ քաղաքների տարածքում: Միևնույն ժամանակ, էպիկենտրոնը գտնվել է Պետրինյայի մոտակայքում: Ամենաուժեղ ցնցումներն զգացվել են տեղի ժամանակով 4:43 րոպեին (Երևանի ժամանակով 07:43):
Այսօրվա երկրաշարժերը զգալիորեն թույլ էին նախորդ երեք օրվա ընթացքում տեղի ունեցածներից:
Հիշեցնենք, որ Խորվաթիայում վերջին օրերին մի շարք երկրաշարժ է տեղի ունեցել: Խորվաթական Գլինա քաղաքի բնակչության շուրջ 90%-ը երկրաշարժի հետևանքով անօթևան է մնացել: 14 երկրներ օգնություն են առաջարկել Խորվաթիային:










