Իսպանիան և Մեծ Բրիտանիան Ջիբրալթարի հարցով համաձայնության են եկել
Իսպանիային և Մեծ Բրիտանիային հաջողվել է համաձայնության գալ Ջիբրալթարի տարածաշրջանում սահմանը հատելու հարցում և խուսափել բրիտանական այս տարածքում «կոշտ Brexit»-ից: Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Արանչա Գոնսալես Լայան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք նախնական համաձայնության ենք եկել Մեծ Բրիտանիայի հետ, որը հիմք կհանդիսանա Ջիբրալթարի վերաբերյալ Եվրամիության և Մեծ Բրիտանիայի հետագա համաձայնության համար», - ասել է Իսպանիայի ԱԳ նախարարը մամուլի ասուլիսի ընթացքում:
Նրա խոսքով` համաձայնագիրը թույլ է տալիս «Ջիբրալթարի նկատմամբ կիրառել ԵՄ քաղաքականությունն ու ծրագրերը, օրինակ՝ Շենգենյան համաձայնագիրը և՛ ապրանքների, և՛ տրանսպորտի հետ կապված մաքսային ռեժիմը»:
«Շենգենը կիրառվում է Ջիբրալթարի նկատմամբ, ինչը կվերացնի վերահսկողությունը և «ցանկապատը» 2 տարածքների միջև»,- ասել է նախարարը:
«Մենք վերացնում ենք խոչընդոտները՝ ընդհանուր բարգավաճման գոտի կառուցելու համար»,-ավելացրել է Լայան:










