ԱՄՆ-ն դեմ է քվեարկել ՄԱԿ-ի 2021թ. բյուջեին` այն որակելով «հակաիսրայելական». Bloomberg

15:19 • 01.01.21

ԱՄՆ-ն և Իսրայելը դեմ են քվեարկել ՄԱԿ-ի 2021 տարվա բյուջեին, հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը:

ԱՄՆ-ն ու Իսրայելը դեմ են քվեարկել ՄԱԿ-ի 3,2 միլիարդ դոլար արժողությամբ բյուջին, իսկ 168 երկիր կողմ է քվեարկել: ԱՄՆ-ի այս դիրքորոշումը, ըստ Թրամփի վարչակազմի, հիմնված է կազմակերպության հակաիսրայելականության և Իրանի նկատմամբ պատժամիջոցների հանդեպ անտարբերության վրա:

Թրամփի օրոք ԱՄՆ-ն բազմիցս ընդհարվել է ՄԱԿ-ի և կից կազմակերպությունների հետ, դուրս գալով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից և բարկացնելով Անվտանգության խորհրդի անդամներին` փորձելով ոչնչացնել Իրանի հետ կնքված պատմական միջուկային համաձայնագիրը: ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը, սակայն, խոստացել է չեղյալ հայտարարել այս մոտեցումը՝ վերադառնալով Իրանի միջուկային գործարքին և միանալով Փարիզի կլիմայական համաձայնագրին:

Դիվանագետները նշել են, որ բյուջեի շուրջ բանակցություններն այս տարի սովորականից ավելի քաղաքական են եղել, ինչը կապում են Թրամփի նախագահության ավարտի մոտենալու հետ:

«Որպես ՄԱԿ-ի անդամ՝ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի ամենամեծ և ամենահուսալի գործընկերն է և միշտ էլ այդպես է եղել», - ասել է կազմակերպությունում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Քրաֆթը` նշելով, որ ԱՄՆ-ն ապահովում է խաղաղապահ բոլոր ծախսերի 25 տոկոսը և տարեկան ավելի քան 9 միլիարդ դոլար հատկացնում ի աջակցություն մարդասիրական գործողությունների:

Լրատվականը նշում է, որ սա երկրորդ դեպքն է, երբ ԱՄՆ-ն դեմ է քվեարկում տարեկան բյուջեի նախագծին`այդպիսով իր բողոքն արտահայտելով: Առաջին անգամ դա տեղի էր ունեցել 2001 թվականին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գործող նախագահ, Վոլքան Բոզկիրը երեքշաբթի օրը թվիթերյան իր էջում գրել է, որ «մտահոգված ու հիասթափված է», որ բյուջեն դեռ չի հաստատվել` հավելելով, որ ՄԱԿ-ը պատասխանատվություն է կրում լուծելու այն հրատապ մարտահրավերները, որոնց բախվում ենք համաճարակի պատճառով:

«Եթե անդամ պետությունները չկարողանան համաձայնության գալ, ՄԱԿ-ի աշխատանքի հետևանքները սարսափելի կլինեն», - եզրափակել է նա: