«Մենք չենք հանգստանա, քանի դեռ պատասխանտվության չենք ենթարկել Սոլեյմանիի սպանության մեղավորներին». Իրանի ԱԳՆ

17:58 • 01.01.21

Իրանի իշխանություններն ուրբաթ հայտարարել են, որ հաստատակամ են  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ռազմական էլիտար ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է Իրանի արտգործնախարարության հայտարարությունում:

«ԱՄՆ-ի անօրենությունն իրողջ գեղեցկությամբ: Մենք չենք հանգստանա, քանի դեռ պատասխանտվության չենք ենթարկել մեղավորներին»,-ասված է հայտարարությունում:
 
Հիշեցնենք, որ Սոլեյմանին սպանվել է հունվարի երեքին՝ Բաղդադում ԱՄՆ-ի հասցրած հրթիռային հարվածի հետևանքով: Դրան ի պատասխան Թեհրանը հունվարի ութին հրթիռակոծել է Իրաքի տարածքում ԱՄՆ-ի երկու ռազմական օբյեկտ:

Իրանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ վրեժ է լուծելու Սոլեյմանիի սպանության համար: Չի բացառվում, որ Իրանը հրամանատարի սպանության տարելիցի կապակցությամբ հարված հասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերին: