Հունաստանում կոշտացվել և երկարաձգվել է կորոնավիրուսով պայմանավորված կարանտինը
Հունաստանի կառավարությունը կոշտացնում և երկարաձգում է կարանտինը երկրի ամբողջ տարածքում մինչև հունվարի 11-ը՝ պայմանավորված բարդ համաճարակաբանական իրավիճակով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Այնուամենայնիվ, Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեթսասի խոսքով՝ դպրոցները կվերսկսեն աշխատանքը հունվարի 11-ին:
«Մեր ընդհանուր պատասխանատվության շնորհիվ Հունաստանում համաճարակաբանական իրավիճակը բարելավվել է և այսօր ակնհայտորեն ավելի լավ է, քան եվրոպական բազմաթիվ այլ երկրներում: Այդուհանդերձ, վարակման նոր դեպքերի թիվը դեռևս բարձր է, և առողջապահության ազգային համակարգի վրա ճնշումը շարունակվում է: Մեր հիվանդանոցներում շարունակվում են բուժվել մեծ քանակությամբ հիվանդներ: Դժբախտաբար, մեր հայրենակիցներից շուրջ 2500-ը կշարունակեն անցկացնել Սուրբ Ծնունդը «կովիդ-պալատներում»: Բացի այդ՝ ավելի քան 400 հիվանդ այս պահին գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,- մանրամասնել է Պեթսասը:
Ըստ պաշտոնյայի՝ դա պահանջում է զգոնության պահպանում, ինչպես նաև միջոցառումների ընդունում բոլորի կողմից, որպեսզի էլ ավելի կրճատվի կորոնավիրուսի տարածումը երկրում:










