Յակուտիայում բրդոտ ռնգեղջյուրի թարմ գտածո է հայտնաբերվել

20:52 • 02.01.21

Յակուտիայի Աբիիսկի շրջանում հայտնաբերվել է բրդոտ ռնգեղջյուրի յուրովի պահպանված դիակ: Այս մասին հայտնում է Yakutia Daily-ն:

Ըստ մամոնտային կենդանական աշխարհի ուսումնասիրության բաժնի պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Ալբերտ Պրոտոպոպովի՝ կենդանին հայտնաբերվել է այս տարվա օգոստոսին՝ Տիրեխտյախ գետի տարածքում:

«Նախնական գնահատականներով՝ ռնգեղջյուրը 3-4 տարեկան է: Ամենայն հավանականությամբ, նա խեղդվել է գետում: Դիակը շատ լավ է պահպանվել, պահպանվել են ռնգեղջյուրի ներքին մասերը, ինչը հետագայում հնարավորություն կտա ավելի մանրամասն ուսումնասիրել կենդանու այս տեսակի կենսական առանձնահատկությունները»,- բացատրել է Պրոտոպոպովը։

Ըստ նրա՝ տեղանքը, որտեղ հայտնաբերվել է ռնգեղջյուրը ուշագրավ է, քանի որ այստեղ նախկինում կրկին բացառիկ կենդանատեսակների մնացորդներ են հայտնաբերվել: Մասնավորապես, 2014-ին այստեղ մեկ այլ բրդոտ ռնգեղջյուր, իսկ 2019-ին՝ երկու քարանձավային առյուծ է հայտնաբերվել:

Նշենք՝ պաշտոնական փորձաքննության համար գտածոն կփոխանցվի երկրի Գիտությունների ակադեմիային, իսկ արդեն հունվարին ակնկալվում է, որ այն կտեղափոխվի Յակուտսկ:

Ուսումնասիրություններից հետո գտածոն կներկայացվի գիտական հանրությանը: