Սոմալիում թուրք ինժեներները ահաբեկիչ-մահապարտի թիրախ են դարձել

21:44 • 02.01.21

Չորս մարդ, այդ թվում՝ Թուրքիայի երկու քաղաքացի, զոհվել են շաբաթ օրը Սոմալիում, երբ մահապարտ-ահաբեկիչը ռումբ է պայթեցրել կառուցվող Մոգադիշու-Աֆգոյե մայրուղու մի հատվածում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ France-Presse-ին հղումով:

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջուի խոսքով՝ բացի զոհերից, ևս 14 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:  

Նշվում է՝ ահաբեկչության թիրախում եղել են թուրք ինժեներները, որոնք մասնակցում էին երթուղու կառուցմանը: Տեղի ոստիկանության խոսնակ Մոհամեդ Իբրահիմը հայտնել է, որ անվտանգության ծառայության աշխատակիցները կրակ են բացել մահապարտ-ահաբեկչի ուղղությամբ, սակայն վերջինս հասցրել է մոտենալ մի խումբ մասնագետների:

Սոմալիի իշխանություններն արդեն հայտարարել են, որ հարձակման հետևում կանգնած է իսլամիստական «Ալ-Շաբաբ» խմբավորումը: Մոգադիշու-Աֆգոյե մայրուղու նախագիծը համաֆինանսավորվում է Թուրքիայի և Քաթարի կողմից: Այս ճանապարհի վրա վերջին վեց ամիսների ընթացքում ահաբեկչական հարձակումներ պարբերաբար իրականացվել են «Ալ-Շաբաբի» զինյալների կողմից:

Հիշեցնենք՝ Թուրքիան Սոմալիի տնտեսության ամենամեծ ներդրողն է՝ ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով: Թուրքական ընկերությունները վերահսկում են միջազգային օդանավակայանը և Մոգադիշու ծովային նավահանգիստը: 2016-ին Անկարան Սոմալիի մայրաքաղաքում բացել է դեսպանատների համալիր, որն ավելի մեծ է, քան ցանկացած այլ թուրքական դեսպանատուն: Մոգադիշուի հենակետերից մեկում թուրք հրահանգիչները կադրեր են պատրաստում հատուկ նշանակության ջոկատների և Սոմալիի ոստիկանության համար: