Մահվան դեպքերի աճին զուգընթաց՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսակիրների թիվը գերազանցել են 20 միլիոնը
Հունվարի 1-ի դրությամբ՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերը հատել են 20 միլիոնի նշագիծը, իսկ երկրի Կոլորադո, Ֆլորիդա և Կալիֆորնիա նահանգներում տարածում է գտնում հիվանդության ավելի վարակիչ տարբերակը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, նշելով՝ տեղի պաշտոնյաներն այս ամենի ֆոնին ձգտում են արագացնել պատվաստումները:
Ըստ գործակալության՝ Գոհաբանության տոնի օրվանից ի վեր ԱՄՆ-ում գրանցվել է COVID-19-ի պատճառով մահացածների քանակի մեծացում: Մասնավորապես, ողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում վիրուսից մահացել է 78,000 անձ:
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր՝ ԱՄՆ-ում մահացել է 345,000 մարդ կամ ԱՄՆ յուրաքանչյուր 950 բնակչից մեկը:
Զոհերի թիվը նվազեցնելու համար սենատոր Միթ Ռոմնին ուրբաթ օրն ԱՄՆ կառավարությանը հորդորել է անասնաբույժներին ևս ներգրավվել կորոնավիրուսի դեմ պայքարում:
ԱՄՆ-ում COVID-19-ի նոր դեպքերի մակարդակն աճել է անցյալ տարվա երկրորդ կեսին: Reuters-ի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ երկրում առաջին 5 միլիոն դեպքը 200 օրվա ընթացքում է գրանցվել, 5 միլիոնից 10 միլիոն դեպք անցում կատարելու համար պահանջվել է 93 օր, 10 միլիոնից 15 միլիոնի համար՝ 31 օր, իսկ 15 միլիոնից 20 դեպքի համար ընդամենը 25 օր:
Կալիֆորնիայում գրանցվել է ամենաշատ թվով՝ մոտ 2,28 միլիոն, կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր: Այս ցուցակում երկրորդ տեղում է Տեխասը՝ 1,76 միլիոն դեպքով, և Ֆլորիդան, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի 1,32 միլիոն դեպք:
Միացյալ Նահանգներում միջինում օրական 186,000 դեպք է գրանցվում:
Ներկայումս ԱՄՆ հիվանդանոցներում ավելի քան 125,000 հիվանդ է բուժում ստանում, որոնց թիվը միայն վերջին ամսվա ընթացքում աճել է 25% -ով:
Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ում արդեն իսկ հաստատվել է հակակորոնավիրուսային երկու պատվաստանյութ, այնուամենայնիվ պատվաստման գործընթացն ավելի դանդաղ է ընթանում, քան կառավարությունն էր ակնկալում: Մոտ 2,8 միլիոն ամերիկացիներ COVID-19 պատվաստանյութ են ստացել մինչև դեկտեմբերի 31-ը, որը շատ ավելի ցածր է, քան 20 միլիոն ցուցանիշը:
Չնայած պատվաստանյութերի տարածման հետընթացներին՝ ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, բժիշկ Էնթոնի Ֆաուչիի խոսքով, ամերիկացիների մոտ պատվաստումների միջոցով արդեն 2021-ի աշնանը կձևավորվի կոլեկտիվ իմունիտետ՝ ընդդեմ COVID-19-ի:










