Լոնդոնի դատարանը երկուշաբթի կորոշի, թե արդյոք Ասանժը կարտահանձնվի՞ ԱՄՆ-ին

21:52 • 03.01.21

Լոնդոնի դատարանը երկուշաբթի օրը նախատեսում է որոշում կայացնել այն մասին, թե արդյոք Մեծ Բրիտանիան պե՞տք է Ջուլիան Ասանժին արտահանձնի Միացյալ Նահանգներին, որտեղ WikiLeaks-ի հիմնադրին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հաքերային հարձակում է իրականացրել կառավարական համակարգիչների նկատմամբ և խախտել է լրտեսության մասին օրենքը՝ համապատասխանաբար 2010 և 2011 թվականներին ձեռք բերելով և հրապարակելով գաղտնի փաստաթղթեր: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Նշվում է՝ ԱՄՆ հնարավոր արտահանձնման օգտին կայացվելիք այս որոշումը կարող է ճանապարհ բացել մեծ դատավարության համար, որից Ասանժը փորձել է խուսափել տարիներ շարունակ, և որը նրա կողմնակիցների կարծիքով՝ վտանգավոր սպառնալիք է մամուլի ազատության համար:

Հիշեցնենք՝ առաջադրված բոլոր մեղադրանքներով մեղավոր ճանաչվելու դեպքում Ջուլիան Ասանժին սպառնում է 175 տարվա ազատազրկում: