«Նման արտահայտություններն ավելի են հեռացնում 2014 թ․ ռուս-էստոնական սահմանային պայմանագրի վավերացման հեռանկարները». ՌԴ պետդումայում պատասխանել են Էստոնիայի տարածքային պահանջներին
ՌԴ պետդումայի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին այն կարծիքին է, որ Էստոնիայի իշխանությունների ներկայացուցիչների արտահայտությունները Ռուսաստանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ Մոսկվայի և Տալինի հարաբերություններում լրացուցիչ լարվածություն են առաջացնում: Այս մասին հայտնում է mk.ru-ն:
Ըստ նրա՝ նման արտահայտություններն ավելի են հեռացնում 2014 թվականի ռուս-էստոնական սահմանային պայմանագրի վավերացման հեռանկարները: Բացի այդ՝ լրացուցիչ լարվածություն են ստեղծում երկկողմ և միջխորհրդարանական համագործակցության մեջ:
Անդրադառնալով Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Հեննա Պիլուաասի մեկնաբանությանն այն մասին, որ 1920 թվականին կնքված Տարտուի խաղաղ պայմանագիրը իբր դեռևս գործող է, Սլուցկին մանրամասնել է, որ էստոնացի խորհրդարանականի արտահայտությունները, ամենայն հավանականությամբ, ուղղված են ներքին լսարանին: Սլուցկիի համոզմամբ՝ վերջիններիս նպատակն է մեծացնել ընտրազանգվածի շրջանում նրա ճանաչվածությունը:
Հիշեցնենք՝ օրերս Էստոնիայի խորհրդարանի խոսնակը դարձյալ հիշեցրել է Ռուսաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին: Իր ամանորյա ուղերձում մասնավորապես նշել էր, որ Տարտուի խաղաղ պայմանագիրը գործում է, և ՌԴ-ն պետք է սահմանները համաձայնեցնի Էստոնիայի հետ՝ հիմք ընդունելով այս փաստաթուղթը: Իսկ դա ենթադրում է Պսկովի և Լենինգրադի մարզերի մի մասի հանձնում:










