Լիբիայից վերադարձած ռուս նավաստիները պատմել են իրենց ձերբակալման ծանր պայմանների մասին (տեսանյութ)
Լիբիայից վերադարձած ռուս նավաստիները պատմել են իրենց ձերբակալման ծանր պայմանների մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ նշելով, որ վերջիններիս կապել են և երկար ժամանակ պահել անշարժացած վիճակում:
Ավելի վաղ Ազգային արժեքների պաշտպանության ֆոնդի ղեկավար Ալեքսանդր Մալկեվիչը հայտարարել էր Լիբիայում գերությունից չորս մարդկանց ազատման մասին՝ երեք ռուսաստանցիների և 1 ուկրաինացու: Ռուս դիվանագետների, այդ թվում՝ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովի մասնակցությամբ, ձերբակալվածներին հայրենիք վերադարձնելու հարցը շուտափույթ լուծում է ստացել: Նավաստիների հետ ինքնաթիռը վայրէջք է կատարել Շերեմենտևո օդանավակայանում կիրակի լույս գիշերը:
«Մի գիշերվա մեջ մեզ 12 ժամ կապեցին և անշարժացրին: Մեզ ստիպում էին անընդհատ նույն դիրքում մնալ», - լրագրողներին ասել է անձնակազմի անդամներից մեկը՝ Վիկտոր Բոդրյագան:
Նա խոստովանել է, որ մինչ վերջին պահը, երբ նստել են Ռուսաստան տանող ինքնաթիռ, նավաստիները չեն իմացել, թե իրենց ուր են տանում: Ազատ արձակված տղամարդը բացատրել է, որ ինքը և մնացած նավաստիները 10 օր անցկացրել են գերության մեջ:
Բացի այդ՝ Բոդրյագան հայտարարել է նաև, որ իրենք ենթարկվել են խոշտանգումների, որի հետևանքով իր և գլխավոր մեխանիկի մոտ ի հայտ են եկել առողջական խնդիրներ:
Ձերբակալված զբոսանավի կապիտան Դիմիտրի Դիմիտրիադին լրագրողների ուշադրությունն է հրավիրել Բոդրյագայի դաստակների վրա եղած հետքերի վրա և բացատրել, որ դրանք վնասվածքներ են այն շինարարական կապանքներից, որոնք օգտագործվում էին ձեռնաշղթաների փոխարեն:
Դիմիտրիադին հավելել է, որ իրենց ոչ ոք չի բացատրել գերության պատճառը:
«Մենք նավարկել ենք մեր զբոսանավով: Մենք ոչ ոքի չենք սպանել, ոչ մեկին չենք բռնել... Մենք պարզապես անցել ենք այդ երկրի կողքով: Եվ մեզ գերեվարեցին», - ասել է նավի կապիտանը:










