«Ընտրությունների արդյունքների չեղարկման հիմնավորում կարող է լինել արտակարգ դրության ռեժիմը. Թրամփը կարող է իրավիճակն օգտագործել նախագահ մնալու համար». Ժիրինովսկի

12:27 • 03.01.21

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին իր տելեգրամյան պաշտոնական ալիքում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ-ում վերջերս կայացած նախագահական ընտրություններին:

Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ-ն հոգնել է լրտեսամոլությունից, պնակալեզությունից և կոռուպցիայից: Կորոնավիրուսային համավարակի պատճառով ամբողջ աշխարհն ականջները սրել է: Հետևաբար, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կարող է իրավիճակն օգտագործել նախագահ մնալու համար:

Քանի դեռ Թրամփը նախագահն է, նրան են ենթարկվում բոլորը. նա կարող է հեռացնել ոչ ձեռնտու դատախազներին, փոխել դատավորներին, հրամայել զինվորականներին, բոլոր լիազորությունները առավելագույնս օգտագործել: Ընտրությունների արդյունքների չեղարկման հիմնավորում կարող է լինել արտակարգ դրության ռեժիմը: Սա Թրամփի վերջին հնարավորությունն է, քանի որ առաջիկա 4 տարում դեմոկրատները նրան ուղղակի կոչնչացնեն:

Ռուսաստանը կարող է նրան աջակցել, պայմանավորվել ֆինանսական աջակցության շուրջ, օրինակ՝ արաբ շեյխերի կողմից: Իսկ փոխարենը մեզ ոչինչ հարկավոր չէ, որովհետև ստեղծված իրավիճակը Թրամփի համար առանց այն էլ ծանր է ու զզվելի: Հիմա գլխավորը, որն անհրաժեշտ է ԱՄՆ նախագահին, կամքի ուժի դրսևորումն է, որ շարունակի մնալ նախագահի պաշտոնում:

Միևնույն ժամանակ, ես նաև նրան խորհուրդ կտայի ամեն դեպքում պատվաստվել: Եթե պետք է, մենք նրան կուղարկենք մեր «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվանյութը»:

Ամուր մնացեք, Դոնա՛լդ, մենք Ձեզ հետ ենք, արտասահմանը Ձեզ կօգնի»: