Հունաստանում բժիշկը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել Pfizer ընկերության պատվաստանյութն ստանալուց հետո

13:21 • 04.01.21

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի արվարձաններից մեկում գործող հիվանդանոցի փոխղեկավարը ստորին շնչառական ուղիների վարակի ախտանշաններով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ նրան միացրել են թոքերի օդափոխման արհեստական սարքին:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով հունական աղբյուրին, մասնագետը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել կորոնավիրուսի դեմ պատվաստումից անմիջապես հետո, սակայն երկրի առողջապահության նախարարությունը կապ չի տեսնում ներարկման և վարակի ի հայտ գալու միջև:

Նշվում է, որ 54-ամյա տղամարդու մոտ, որը հիմնական հիվանդություն չի ունեցել, անցյալ շաբաթ ստորին շնչառական ուղիների վարակի ախտանշաններ են ի հայտ եկել: Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը բացասական արդյունք է ունեցել:  

Նրան հունվարի մեկին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք՝ «շնչառական անբավարարվածություն» ախտորոշմամբ:

Առողջապահության նախարարությունից նշում են, որ բավարար հիմքեր չկան ենթադրելու, որ նրա վիճակի վատթարացումը պայմանավորված է պատվաստմամբ, քանի որ մինչ այդ ուսումնասիրվել է նրա հիվանդության պատմությունը:

Հունաստանում պատվաստման գործընթացի մեկնարկը տրվել է դեկտեմբերի 27-ին: Ներարկումների ժամանակ օգտագորվում է ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների համատեղ ստեղծած պատվաստանյութը:

Մինչև հունվարի 3-ն արդեն 3779 ներարկում է իրականացվել: Երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը  140 099-ի, վիրուսից մահացածներինը՝ 4957-ի: