Ասանժը, Մենինգը և Սնոուդենը առաջադրվել են Նոբելյան մրցանակի

11:54 • 05.01.21

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Կորիգանն այս մրցանակին է առաջադրել  Ջուլիան Ասանժին, Չելսի Մենինգին և Էդվարդ Սնոուդենին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Կորիգանի` Նոբելյան կոմիտեին հղած նամակին:

«Երեքն էլ առանձին-առանձին առաջադրվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի, բայց նրանցից ոչ ոք դեռ չի ստացել այն: Պատճառները, թե ինչու եմ ես նրանց միասին առաջադրում, պարզ են. անհատապես նրանք ցույց են տվել համարձակության անթիվ օրինակներ՝ բացահայտելով իշխանությունների անօրինական գործողությունները: Եվ միասին՝ իրենց կյանքը, անձնազոհությունը և անձնուրացությունը ցույց է տալիս մարդկային ոգու մեծությունը»,-գրում է Կորիգանը:

Նա հիշեցրել է, որ Ասանժը գտնվում է Մեծ Բրիտանիայի բանտում և շարունակում է գտնվել Միացյալ Նահանգներ արտահանձնման սպառնալիքի տակ`չնայած երկուշաբթի դատարանի կողմից արտահանձնման մերժմանը: Կորրիգանի խոսքերով ՝ Ասանժը կարող է ԱՄՆ-ում ենթարկվել «դաժան, նվաստացուցիչ ու անմարդկային վերաբերմունքի» և նույնիսկ դատապարտվել մահապատժի: Չելսի Մենինգը (նախկինում Բրեդլի Մենինգ), որը Ասանժին տեղեկություններ էր տրամադրել և այդ իսկ պատճառով 7 տարի անցկացրել է ԱՄՆ-ի բանտում, մինչ նրան ներում շնորհելը նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից, գտնվում էր ճաղերի ետևում Ասանժի դեմ ցուցմունք տալուց հրաժարվելու համար, ավելացրել է Կորիգանը:

Սնոուդենը, որը բացահայտել է ԱՄՆ հետախուզական ծառայությունների լայնամասշտաբ գաղտնի հսկողության ծրագրերը, ապաստան է գտել Ռուսաստանում և չի կարող վերադառնալ հայրենիք՝ հաշվի առնելով ցմահ բանտարկության սպառնալիքը:

«Խաղաղության բոլոր երեք մարտիկները հետևում էին իրենց խղճին և սիրով կատարում էին իրենց պարտքը: Համոզված եմ, որ նրանք վախենում էին, բայց նրանցից յուրաքանչյուրը հրաշալի մի բան է արել ուրիշներին ծառայելու գործում»,-ասված է Կորիգանը նամակում:

Կորիգանը խաղաղության նոբելյան մրցանակի է արժանացել 1976 թվականին: