Շվարցենեգերը «խելագարություն» է անվանել ընտրությունների արդյունքները վիճարկելու Թրամփի փորձերը

13:53 • 06.01.21

Հոլիվուդյան դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը «խելագարություն» է որակել ընտրությունների արդյունքները վիճարկելու գործող նախագահ Դոնալդ Թրամփի փորձերը։

«Կասկած չկա՝ ով է հաղթել նախագահական ընտրություններում, և այդ անհեթեթության շարունակությունը խենթություն է և չարիք», - գրել է Շվարցենեգերը Economist ամսագրի սյունակում:

«Ես այսօր խորապես մտահոգված եմ իմ երկրի համար։ Որպես ներգաղթյալ, որպես ամերիկացի և հանրապետական, ես պարտավոր եմ խոսել։ Ես մեծացել եմ մի երկրի ավերակների վրա, որը հրաժարվել է ժողովրդավարությունից և բախվել դրա հետևանքներին»,- հավելել է Շվարցենեգերը, որը ծնվել է Ավստրիայում։

Շվարցենեգերը, դիմելով իր կուսակիցներին, նշել է․ «Նրանք, ովքեր հուվարի 6-ին ցանկանում են դեմ քվեարկել ընտրության արդյունքներին, պետք է իմանան, որ մեր թոռները ձեզ կհիշեն որպես չարագործներ, որոնք պայքարել են ԱՄՆ-ի ընտրողների կամքի դեմ»։

Դերասանն ԱՄՆ-ի քաղաքացիություն է ստացել 1983 թվականին։ Նա Կալիֆորնիայի նահանգապետն է եղել 2003-2011 թվականներին:

Նշենք, որ այսօր՝ հունվարի 6-ին, մի խումբ հանրապետականներ Կոնգրեսի երկու պալատներում մտադիր են վիճարկել ընտրությունների արդյունքները։ 

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ նախագահական ընտրություններում հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը, սակայն գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունում իր պարտությունը։