Լոնդոնի դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել Ասանժին

16:46 • 06.01.21

Լոնդոնի Վեսթմինսթեր շրջանի մագիստրոսական դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին․ նա բանտում կմնա մինչև արտահանձնման գործով ԱՄՆ-ի բողոքարկման քննությունը, հաղորդում է Reuters-ը։

Մերժումը պատճառաբանվել է նրանով, որ նախկինում Ասանժն արդեն խախտել է գրավի դիմաց դուրս գալու պայմանները։ Նույն հիմքով դատավորները մերժել են նրա փաստաբանների նախորդ բոլոր միջնորդությունները։

Լրագրողի փաստաբանները կվիճարկեն որոշումը։

Հունվարի 4-ին Լոնդոնի կենտրոնական քրեական դատարանի դատավոր Վանեսա Բարայտսերը ԱՄՆ իշխանություններին մերժել էր Ասանժին արտահանձնելու հարցում՝ մեղադրյալի հոգեկան առողջության համար մտավախությունների պատճառով: Ամերիկյան կողմի փաստաբանները հայտարարել են, որ կվիճարկեն այդ որոշումը։

Բողոքարկման քննությունը կարող է տևել ամիսներ, եթե ոչ ավելի, քան մեկ տարի:

Հիշեցնենք, որ 2010-ին Շվեդիայում Ասանժին մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար: Գտնվելով Լոնդոնում՝ նա ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, կալանավորվել է, այնուհետև ազատ արձակվել գրավի դիմաց: 2011-ին որոշում է կայացվել նրան Շվեդիա արտահանձնելու մասին, որը վերջինս բողոքարկել է:

2012-ին նա ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ 7 տարի է անցկացրել: 2018-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել նրա դեմ, սակայն այն «գաղտնի է պահվում»: ԱՄՆ արտահանձնման դեպքում նրան երկարատև ազատազրկում է սպառնում՝ լրտեսության համար: Ասանժն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ում իրեն կարող են սպանել:

Արտահանձնման հարցով լսումները սկսվել են 2019 թվականի մայիսի 2-ին: Դրանից կարճ ժամանակ անց ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել էին, որ Ասանժին նոր մեղադրանքներ են առաջադրել: ԱՄՆ-ում Ասանժին արտահանձնելու դեպքում սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում։