Իսրայելը Հունաստանի հետ պաշտպանական խոշոր համաձայնագիր է կնքել

11:39 • 06.01.21

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը նախօրեին ողջունել է Հունաստանի հետ 1,68 մլրդ դոլար արժողությամբ պաշտպանական համաձայնագիրը՝ այն որակելով երկու երկրների միջև «գերազանց և զարգացող հարաբերությունների» արտացոլում, հաղորդում է հունական Ekathimerini թերթը։

Գանցի խոսքով՝ «սա երկարաժամկետ գործընկերություն է, որը կծառայի ինչպես Իսրայելի, այնպես էլ Հունաստանի շահերին, հարյուրավոր աշխատատեղեր կստեղծի երկու երկրներում և կնպաստի միջերկրածովյան կայունությանը»։

«Հեռախոսազրույցի ընթացքում ես շնորհակալություն հայտնեցի իմ ընկերոջը` Հունաստանի ՊՆ նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոսին, և իմ երախտագիտությունն արտահայտեցի այս նախագծի առաջխաղացման գործում նրա անձնական մասնակցության համար: Ես նաև բարձր եմ գնահատել մեր երկրների միջև պաշտպանական հարաբերությունների վերջին ամրապնդումը և նշել, որ ակնկալում եմ դրանց հետագա խորացում»,- ասել է Գանցը։

Իսրայելի պաշտպանության նախարարությունն իր Twitter-ում համաձայնագիրն անվանել է «Իսրայելի և Հունաստանի միջև խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը»։

Համաձայնագիրը նախատեսում է հունական ռազմաօդային ուժերի համար թռիչքային ակադեմիայի ստեղծում, որը կկառուցվի և կշահագործվի իսրայելական Elbit Systems ընկերության կողմից, ինչպես նաև M-346 ինքնաթիռների գնում և T-6 ինքնաթիռների տեխնիկական սպասարկում: