«Ֆախրիզադեի սպանության հարցում Իսրայելի գործուն մասնակցության ապացույցներ կան»․ Իրանի պաշտպանության նախարար

15:06 • 06.01.21

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հայտնել է, որ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության հարցում Իսրայելի գործուն մասնակցության բազմաթիվ ապացույցներ կան, գրում է Iran Press-ը։

Նշվում է, որ Հաթամին ուղերձ է հղել 60-ից ավելի երկրների պաշտպանության նախարարներին, որում պահանջել է վերջ դնել պետական ահաբեկչության դեմ պայքարում երկակի ստանդարտներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը դատապարտել «Ֆախրիզադեի սպանութան անօրինական, հանցավոր և անմարդկային ակտը»։

Իրանի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ «Ֆախրիզադեի սպանության հարցում Իսրայելի գործուն մասնակցության խոսուն ապացույցներ կան»։

Նա ընդգծել է մեղավորներին պատժելու կարևորությունը՝ նշելով. «Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ որպես ահաբեկչության և բռնության զոհ, որը վերջին 4 տասնամյակների ընթացքում 17.000 քաղաքացի և բարձրաստիճան պաշտոնատար անձ է կորցրել ահաբեկչական գործողությունների հետևանքով, դատապարտում է նմանատիպ գործողությունները և կոչ անում միջազգային հանրությանը ևս դատապարտել»։

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 27-ին Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն։ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել է, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։ 2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։