Վաշինգտոնում Թրամփի տասնյակ հազարավոր կողմնակիցները բողոքում են նախագահական ընտրությունների արդյունքների դեմ (լուսանկարներ)

21:57 • 06.01.21

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի տասնյակ հազարավոր կողմնակիցներ Վաշինգտոնում բողոքում են նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը, փոխանցում է nbcwashington.com-ը։

Բազմահազարանոց ամբոխը հավաքվել է Սպիտակ տնից հարավ, մարդիկ սպասում են Թրամփի ելույթին։ Այնուհետև նախատեսվում է երթ դեպի Կապիտոլիում, որտեղ կոնգրեսի երկու պալատները պետք է հաստատեն քվեարկության արդյունքները:

Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը՝ որպես Սենատի նախագահ, այսօր պետք է Կոնգրեսի երկու պալատների հետ հաստատի նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները։

Ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան սահմանադրությունը Փենսին «գործելու մի շարք հնարավորություններ է տալիս», մասնավորապես՝ վերջինս կարող է չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքների հավաստագրումը։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ նախագահական ընտրություններում հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը, որը հավաքել է ընտրիչների 306 ձայն: Թրամփը չի ընդունում իր պարտությունը։