Լրագրողների պաշտպանության կոմիտեն Թուրքիային կոչ է արել ազատ արձակել նախօրեին ձերբակալված քուրդ լրագրողին
Լրագրողների պաշտպանության կոմիտեն Թուրքիային կոչ է արել անհապաղ ազատ արձակել նախօրեին ձերբակալված քրդամետ Mezopotamya լրատվական գործակալության լրագրող Մեհմեդ Ասլանին։
«Թուրքական իշխանությունները պետք է դադարեցնեն հետապնդել գործակալության աշխատակիցներին և նրանց թույլ տան կատարել իրեն աշխատանքը»,- հայտարարել է լրագրողների պաշտպանության կոմիտեն։
Mezopotamya-ի հաղորդմամբ՝ թուրքական ոստիկանությունը Մեհմեդ Ասլանին ձերբակալել է նախօրիեին․ վերջինս ձերբակալվել է Անթալիայի գլխավոր դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակներում։ Նշվում է նաև, որ Ասլանի տան խուզարկությունից հետո, որը տևել է մոտ երկու ժամ, ոստիկանությունը առգրավել է թվային նյութեր, ինչպես նաև մի քանի գրքեր ու ամսագրեր:
Նյու Յորքում լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Գուլնոզա Սաիդն ընդգծել է, որ հետաքննության բնույթը չի հստակեցվում: Իր գրավոր հայտարարության մեջ Սաիդը նաև հայտնել է, որ կոմիտեն Ասլանի ձերբակալության կապակցությամբ էլեկտրոնային նամակ է ուղարկել Անթալիայի Գլխավոր դատախազություն, սակայն որևէ հետադարձ կապ չի ստացել:
Ըստ կոմիտեի հայտարարության՝ Ասլանը լուսաբանել է քուրդ բանտարկյալների իրավունքների, բանտարկյալների հացադուլի ու Թուրքիայում կտտանքների մեղադրանքների վերաբերյալ նորություններ։ Հատկանշական է, որ 2020 թվականի հոկտեմբերից ձերբակալվել են Mezopotamya լրատվական գործակալության ևս երեք աշխատակիցներ։
Թուրքիայում 2020-ին բանտարկվել է առնվազն 37 լրագրող։










