Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Թրամփն Իրանի հետ «վտանգավոր խաղ» է խաղում
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախազգուշացրել է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Իրանի հետ «վտանգավոր խաղ է խաղում»։
«Միակ նվերը, որը Թրամփը կարող է անել իր երկրին և աշխարհին, իր իշխանության վերջին 15 օրվա ընթացքում Իրանի դեմ պատերազմ չսկսելն է։ Դժվար է ասել՝ արդյոք նրա վարչակազմը կանխամտածված քայլեր է անում, թե պարզապես անիրազեկություն է ցուցաբերում։ Ամեն դեպքում, նրանք վտանգավոր խաղ են խաղում»,- Twitter-ում գրել է Քլինթոնը։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը հայտնել էր, որ ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող Nimitz ատոմային ավիակիրը, որն ապահովում էր ԱՄՆ զինծառայողների դուրսբերման անվտանգությունը Սոմալիից, կմնա Մերձավոր Արևելքում՝ Թեհրանից Վաշինգտոնի հասցեին հնչող սպառնալիքների ֆոնին:
«Պայմանավորված վերջին սպառնալիքներով, որոնք Իրանի ղեկավարությունը հասցեագրել է ԱՄՆ նախագահ Թրամփին և կառավարության այլ անդամներին, հրամայել եմ կասեցնել Nimitz ավիակրի նախատեսված վերատեղակայումը: Այն այժմ մարտական հերթապահության է մնում Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում (ներառում է Մերձավոր Արևելքը)»,- ասել էր Միլլերը:










