ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները վկայում են արևմտյան ժողովրդավարության թուլության մասին. Ռոհանի

15:22 • 07.01.21

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահության տարիներին իր երկիրը աղետի է հասցրել, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով Վաշինգտոնում տեղի ունեցող իրադարձությունները, գրում է Tasnim News Agency-ն։

«Այն, ինչ մենք տեսանք ԱՄՆ-ում անցյալ գիշեր և այսօր, ցույց տվեց, թե որքան թույլ է արևմտյան ժողովրդավարությունը և որքան թույլ է դրա հիմքերը։ Չնայած գիտության և արդյունաբերության ոլորտներում բոլոր հաջողություններին՝ մենք տեսել ենք, թե ինչ ազդեցություն ունի պոպուլիզմը այդ երկրներում»,- ասել է Իրանի նախագահը։

Ռոհանիի խոսքով՝ «պոպուլիստ Դոնալդ Թրամփը իշխանության գալով՝ վնաս հասցրեց իր սեփական երկրին»:

«Նա արատավորել է իր երկրի հեղինակությունը։ Նա խարխլել է ամբողջ աշխարհի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները։ Մենք տեսանք՝ ինչ է լինում, երբ իշխանության է գալիս անառողջ մարդը, ինչ խնդիրներ է ստեղծում ինչպես իր երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար», - հավելել է Իրանի նախագահը՝ հույս հայտնելով, որ «դա դաս կլինի ինչպես այլ երկրների, այնպես էլ ապագա ամերիկյան ղեկավարների համար»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները նախօրեին ներխուժել էին Կապիտոլիումի շենք, ինչից հետո Կոնգրեսում ընթացող քննարկումը դադարեցվել էր: Ցուցարարների մի մասը ներխուժել էր Սենատի նիստերի դահլիճ: Այդ դեպքերի ֆոնին Վաշինգտոնում պարետային ժամ էր հայտարարվել:

Վաշինգտոնի ոստիկանության պետ Ռոբերտ Կոնտիի խոսքով՝ բողոքի ցույցերի ընթացքում չորս մարդ է զոհվել։

Ժամեր առաջ Կոնգրեսը Կապիտոլիումի շենքում տեղի ունեցած անկարգությունների և Վաշինգտոնում պարետային ժամի ֆոնին հաստատել է նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը։

Կոնգրեսում ընտրիչների ձայների հաստատումը բացառում է նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու սահմանադրական հնարավորությունները։