Թրամփի աջակիցները ներխուժել են Կապիտոլիում. Կոնգրեսը վերականգնել է աշխատանքը (տեսանյութեր, լուսանկարներ, թարմացվող)
07:23
ԱՄՆ Սենատը 93 դեմ և 6 կողմ ձայների համամասնությամբ դեմ է քվեարկել Արիզոնայում նախագահական ընտրությունների արդյունքները մերժելու առաջարկին:
07:02
ԱՄՆ կառավարության մի շարք անդամներ նախնական քննարկումներ են անցկացնում՝ դիտարկելու Սահմանադրության 25-րդ փոփոխության հնարավորությունից օգտվելու հարց դիտարկելու և գործող նախագահ Դոնալդ Թրամփին ժամանակից շուտ պաշտոնից հեռացնելու համար, տեղեկացնում են CNN-ը և BBC-ին:
Սահմանադրության 25-րդ փոփոխությունը սահմանում է, որ եթե երկրի նախագահն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները, ապա նրա պատասխանատվությունը կարող է պատվիրակվել փոխնախագահին:
Սահմանադրության 25-րդ փոփոխությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ կառավարության մեծամասնությունը, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահը գրավոր կարգով դիմեն Կոնգրեսի ղեկավարությանը:
06:31
Սպիտակ տան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ պատրաստվում են հրաժարական տալ, տեղեկացնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրը: Նրանց մեջ է ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական Ռոբերտ Օ՝Բրայենը, ինչպես նաև նրա տեղակալ Մեթ Փոթինգերը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Քրիս Լիդդլը:
06:23
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Մեթյուզը հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից: «Ինձ համար պատիվ էր աշխատել Թրամփի վարչախմբում և հպարտ եմ այն քաղաքականությամբ, որ մենք իրագործել ենք: Որպես մարդ, ով աշխատել է Կոնգրեսում՝ ես խորապես հուզված եմ այն ամենով, ինչ այսօր տեսա»,- ասել է նա:
Կոնգրեսի իրադարձությունների ֆոնին աշխատանքից ազատվել է նաև Սպիտակ տան սոցիալական հարցերով քարտուղար Աննա Քրիստինա Նիսետան:
06:06
CNN-ը տեղեկացնում է, որ 1812 թ. պատերազմից ի վեր ԱՄՆ Կապիտոլիումի վրա այսօրվա հարձակումն առաջինն էր:
05:36
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով Կոնգրեսի իրադարձություններին, ասել է, որ պատմությունը կհիշի այսօրվա հարձակումը, որը հրահրվել է նախագահի կողմից, որը շարունակաբար անհիմն կերպով ստել նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքների մասին: Նա նաև նշել է, որ սա «մեծ ամոթի» պահ է երկրի համար:
«Բայց մենք ինքներս մեզ ծաղրած կլինենք, եթե այս ամենին վերաբերվենք որպես կատարյալ անակնկալ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ հանրապետականների և նրանց ուղեկցող լրատվական էկոհամակարգի «երևակայական նարատիվը» քվեարկության վերաբերյալ ճշմարտության հարցում ապակողմնորոշել են իրենց հետևորդներին: «Եվ մենք ահիմա տեսնում ենք դրա հետևանքները»,- ասել է նա:

05:24
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ այսօր Կոնգրեսի շենքում բռնություն գործադրած անձինք չեն հաղթել և երբեք չեն հաղթի:
«Նրանք, ովքեր այսօր Կապիտոլիումում ավերածություններ էին գործում, դուք չեք հաղթել, բռնությունը երբեք չի հաղթում, հաղթում է ազատությունը»,- ասել է նա:
05:19
Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԱՄՆ Կոնգրեսը վերականգնել է աշխատանքը: Հիշեցնենք, որ Կոնգրեսը պետք է վավերացնի նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը: Կոնգրեսի աշխատանքներին կարող եք հետևել ստորև՝ ուղիղ հեռարձակմամբ:
04:54
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը դատապարտել է բռնությունն ԱՄՆ Կապիտոլիումի տարածքում՝ հայտարարելով. «Այսօր մենք բախվեցինք աննախադեպ հարձակման մեր Կապիտոլիումի, մեր Սահմանադրության և երկրի դեմ: Հարձակմանը նպաստել է կանխամտածված ապատեղեկատվություն տարածելու, մեր համակարգի նկատմամբ անվստահություն սերմանելու և ամերիկացիները միմյանց դեմ կանգնեցնելու ավելի քան չորս տարվա թունավոր քաղաքականությունը: Լուցկին վառել են Դոնալդ Թրամփը և նրա ամենաթեժ աջակիցները, այդ թվում ՝ շատերը Կոնգրեսում՝ իր կողմից պարտված ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար: Ընտրություններն ազատ էին, հաշվարկն արդար էր, արդյունքը վերջնական է: Մենք պետք է ավարտենք մեր Սահմանադրության մանդատների իշխանության խաղաղ փոխանցումը», - ասել է Քլինթոնը:
04:49
Դեմոկրատ կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո Կորտեսը կոչ է արել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսել: Ինչպես նշում է The Guardian-ը, կոնգրեսականը Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի գրոհից հետո իր թվիթերյան էջում գրել է.«Իմպիչմենտ»:
04:40
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի աշխատակազմի ղեկավար Ստեֆանի Գրիշեմը հրաժարական է տվել նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի գրոհի ֆոնին, հայտնում է The Guardian-ը:
04:28
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, որը նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների գրոհի հետևանքով անվտանգության նկատառումներով տարհանվել էր Կապտոլիումի շենքից, վերադարձել է Սենատի դահլիճ, որտեղ պետք է տեղի ունենա նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի վավերացման քվեարկությունը:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, բացի այդ, Սենատ են վերադարձվում ընտրիչների կոլեգիայի անդամների քվեաթերթիկները, որոնք հաստատում են ընտրություններում Բայդենի հաղթանակը:
04:19
Twitter սոցկայքը հայտարարել է, որ առնվազն տասներկու ժամով արգելափակում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի էջը: Այս որոշմանը նախորդել էր Թրամփի գրառումներց երեքի արգելափակումը:
Ինչպես նշում է The Guardian-ը, ընկերության պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ այս ամենն արվում է Վաշինգտոնում ստեղծված աննախադեպ իրավիճակը կարգավորելու նպատակով:
Ավելի վաղ Թրամփը միկրոբլոգի միջոցով դիմել էր Կապիտոլիումի շենքը գրոհած հազարավոր աջակիցներին՝ հայտարարելով, որ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված են:
03:57
ԱՄՆ պետքարտուղարությունն արտերկրում գտնվող դիվանագետներին արգելել է սոցկայքերում հրապարակումներ անել նախագահ Դոնալդ Թրամփի աջակցների կողմից Կապիտոլիումի շենքի վրա հարձակման վերաբերյալ: Այս մասին CNN-ին հայտնել են դիվանագիտական աղբյուրը:
03:48
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին գործընկերներին ուղղված նամակում հայտարարել է, որ Կոնգրեսի ղեկավարները որոշել են վերսկսել համատեղ նիստն այսօր երեկոյան՝ վավերացնելու նորընտիր նախագահ Ջո Բայդենի հաղթանակը, գրում է CNN-ը:
«Խորհրդակցելով առաջնորդ Հոյերի և Ուփ Քլայբորնի հետ, ինչպես նաև կապ հաստատելով Պենտագոնի, Արդարադատության նախարարության և փոխնախագահի հետ, մենք որոշեցինք, որ պետք է այս գիշեր շարունակենք նիստը Կապիտոլիումում, երբ այն հասանելի դառնա օգտագործման համար», - նշել է Փելոսին:
03:43
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այժմ պաշտպանում է իր կողմնակիցների գործողությունները, որոնք ներխուժել են Կապիտոլիումի տարածք:
«Սրանք այն դեպքերն ու իրադարձություններն են, որոնք տեղի են ունենում, երբ սրբազան ընտրություններում ջախջախիչ հաղթանակն այդպես գողացվում է», - գրել է նա թվիթերյան միկրոբլոգում:
Թրամփը «թվիթը» եզրափակել է «Հիշեք այս օրը հավիտյան» գրությամբ:
03:29
ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը դատապարտել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի շենքի գրոհը՝ կատարվածը «զզվելի և միևնույն ժամանակ սիրտը կոտրող» որակելով: Նա ընդգծել է, որ «այսպես են վիճարկվում ընտրությունների արդյունքները բանանային հանրապետությունում», գրում է CNN-ը:
Չնայած Բուշը անունով չի նշում նախագահ Թրամփին, սակայն նրա հայտարարության մեջ հստակ հղում կա ինչպես Թրամփին, այնպես էլ հանրապետական մյուս պաշտոնյաներին.«Ես սարսափում եմ ընտրություններից ի վեր որոշ քաղաքական առաջնորդների անխոհեմ պահվածքից և այսօր մեր ինստիտուտների, մեր ավանդույթների և իրավապահ մարմինների նկատմամբ հարգանքի պակասից»:
03:18
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցների կողմից Կապիտոլիումի շենքի գրոհի ժամանակ հրազենային վնասվածք ստացած կինը մահացել է, ինչի մասին հայտնում է CNN-ը՝ ոստիկանությանը հղումով: Հայտնի է, որ կնոջը կրակել են Կապիտոլիումի շենքում. նա մահացել է հիվանդանոցում:
03:13
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները շարունակում են մնալ Կապիտոլիումի շենքի առջև: Հայտնի է, որ ժամեր առաջ նրանք գրոհել էին շենքը, որտեղ Կոնգրեսի անդամները պատրաստվում էին վավերացնել Ջո Բայդենի հաղթանակը նախագահալան ընտրություններում:
Նշվում է, որ այս դեպքերի ֆոնին Վաշինգտոնում պարետային ժամ է հայտարարվել:
03:04
Facebook-ը հեռացրել է Թրամփի՝ աջակիցներին ուղղված տեսաուղերձը, ինչի մասին հայտնում է CNN-ը: Խոսքը մոտ մեկ ժամ առաջ հրապարակված ուղերձի մասին է, որում նախագահը դիմում է աջակիցներին և կոչ անում տուն գնալ, բայց միևնույն ժամանակ ևս մեկ անգամ կրկնում է, որ նախագահական ընտրությունները «գողացված» են և որ տեղի են ունեցել կեղծիքներ:
Այս մասին հայտնել է Facebook-ի մամուլի խոսնակ Էնդի Սթոունը:
02:55
Սենատի դահլիճը մաքրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցներից: Ցուցարարներին դուրս են բերում Կոնգրեսի շենքից, հայտնում է CNN-ը: Հաղորդվում է նաև ձերբակալվածների մասին, սակայն ստույգ թիվ չի հրապարակվել:
02:50
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի շենքի գրոհին:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Զախարովան իր ֆեյսբուքյան էջում կիսվել է CNN-ի մոսկովյան ծառայության նախկին ղեկավար Ջիլ Դոգերտի գրառմամբ առ այն, որ հիմա ԱՄՆ-ն չի կարող աշխարհին ասել, որ ժողովրդավարության օրինակ է:
«Միացյալ Նահանգներն այլևս երբեք չի կարող աշխարհին ասել, որ մենք ժողովրդավարության օրինակ ենք»,-գրել է Դոգերտին:
02:37
Համաշխարհային առաջնորդներն ու ղեկավարներն արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի շենքի գրոհին՝ խստագույնս դատապարտելով կատարվածը:
Մասնավորապես Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է.«Խայտառակ տեսարաններ ԱՄՆ Կոնգրեսում: Միացյալ Նահանգները հանդես է գալիս ժողովրդավարության օգտին ամբողջ աշխարհում, և այժմ շատ կարևոր է, որ տեղի ունենա իշխանության խաղաղ և կանոնավոր փոխանցում»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգ.«Շոկային տեսարաններ Վաշինգտոնում: Այս ժողովրդավար ընտրությունների արդյունքները պետք է հարգվեն»:
Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ ուշադիր հետևում են իրադարձությունների զարգացմանն ու լիահույս են, որ ԱՄՆ-ն կհաղթահարի ներքաղաքական ճգնաժամը:
Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին ևս իր խոր անհանգստությունն է հայտնել այս առնչությամբ՝ վստահություն հայտնելով, որ ԱՄՆ-ն կպաշտպանի ժողովրդավարության օրենքները:
Իսլանդիայի, Նորվեգիայի, Իսպանիայի, Ավստրիայի վարչապետերը ևս անհանգստություն են հայտնել ու իրավիճակը շոկային որակել:
Հարձակումը դատապարտել է նաև Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը՝ ընդգծելով, որ սա ժողովրդավարության դեմ մահացու հարձակում է:
«ԱՄՆ Կոնգրեսը ժողովրդավարության տաճար է, և այսօրվա տեսարաններն ուղղակի շոկային են: Մենք վստահում ենք ԱՄՆ-ին, որ այն կերաշխավորի իշխանության խաղաղ փոխանցումը Ջո Բայդենին»,-նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
02:21
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը, Սպիտակ տանը նրա օգնական Իվանկա Թրամփը, մեկնաբանելով իր հոր աջակիցների կողմից Կապիտոլիումի շենքի գրոհը, թվիթերյան էջում այդ մարդկանց «ամերիկացի հայրենասերներ» է անվանել, ինչպես նաև ընդգծել է, որ բռնությանը պետք է անհապաղ վերջ տրվի: Ինչպես նշում է CNN-ը, րոպեներ անց նա ջնջել է գրառումը:
02:12
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից տեսաուղերձով դիմել է Կապիտոլիումի շենքը գրոհած և նախագահական ընտրությունների ելքը վիճարկող բազմաթիվ աջակիցներին՝ նրանց կոչ անելով տուն գնալ:
Ինչպես հաղորդում է CNN-ը, միևնույն ժամանակ Թրամփն իր խոսքում ևս մեկ անգամ շեշտել է, որը ընտրությունները գողացված են:
«Ես գիտեմ ձեր ցավը, գիտեմ՝ վիրավորված եք: Մենք ունենք ընտրություն, որը գողացվել է մեզնից: Դուք պետք է տուն գնաք: Մեզ խաղաղություն է պետք»,-ասել է նախագահը:
02:05
CNN-ը հաղորդում է, որ Կոնգրեսի անդամները տարհանվում են Կապիտոլիումի շենքից: Ըստ իրավապահ մարմինները ներկայացնող պաշտոնյայի՝ նրանք տեղափոխվելու են Վաշինգտոնում գտնվող «Ֆորտ ՄըքՆեյր» ռազմակայան: Ըստ աղբյուրի՝ տարհանման գործընթացը շարունակվում է:
01:52
Իլինոյս նահանգից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ ընտրված հանրապետական կոնգրեսական Ադամ Կինզինգերը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի գրոհը, հայտարարել է.«Սա հեղաշրջման փորձ է»:
Ինչպես նշում է CNN-ը, Ընտրիչների կոլեգիայի քվերակության վավերացումն ընդհատվել է և ըստ ոստիկանության՝ Կապիտոլիումն այժմ «լոքդաունի» մեջ է:
01:42
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է այսօր Կապիտոլիումի շենքը գրոհած իր բազմաթիվ աջակիցներին՝ բոլորին խնդրելով խաղաղ մնալ: Նախագահն այս մասին գրել է իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում:
«ԱՄՆ Կապիտոլիումում գտնվող բոլորին խնդրում եմ խաղաղ մնալ: Ոչ մի բռնություն: Հիշե՛ք, մենք կարգ ու կանոնի կուսակցություն ենք, հարգեք օրենքը: Շնորհակալություն»,-գրել է նախագահը:
01:33
CNN-ը տեղեկացնում է, որ իրավապահները Կոնգրեսի շենքի տարբեր մասնաշենքերում առնվազն երկու պայթուցիկ սարք են գտել, որոնք վնասազերծվել են:
01:21
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը, անդրադառնալով Կոնգրեսում տեղի ունեցող իրադարձություններին, ասել է, որ «մեր ժողովրդավարությունն աննախադեպ հարձակման է ենթարկվում»:
«Այս պահին մեր ժողովրդավարությունն աննախադեպ հարձակման է ենթարկվում, հարձակում, ինչպիսին մենք երբեք չենք տեսել մեր ժամանակներում: Սա հարձակում է ազատության ցիտադելի վրա, Կապիտոլիումի վրա»,- ասել է նա:
01:12
BBC-ն տեղեկացնում է, որ ցուցարարների մի մասը զինված է, նրանք քայլում են Կոնգրեսի միջանցքներով: Ցուցարարները վանկարկում են՝ «Ա-Մ-Ն»:
01:08
Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ նախագահի պահանջով ազգային գվարդիան է կանչվել կարգուկանոն հաստատելու համար:
Ավելի վաղ Թրամփը թվթերյան գրառման միջոցով իր աջակիցներին կոչ էր արել զերծ մնալ բռնությունից:

01:05
BBC-ն տեղեկացնում է, որ ոստիկանությունը ցուցարարների մի քանիսին բերման է ենթարկել:
Ցուցարարների մի մասը ներխուժել է Սենատի նիստերի դահլիճ:
00:59
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել վերջ տալ բռնություններին: «Չենք հանդուրժելու Կապիտոլիումի վրա այս հարձակումը և բոլոր մասնակիցները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- թվիթերյան իր էջում գրել է նա:
00:47
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել են Կապիտոլիումի շենք, ինչից հետո Կոնգրեսում ընթացող քննարկումը դադարեցվել է:
Ցուցարարները բղավել են «Մենք Թրամփին ենք ցանկանում», նրանցից շատերի ձեռքին եղել են Թրամփի լուսանկարները, ինչպես նաև ԱՄՆ դրոշը:
Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ, մեկ կին է տուժել բախումների հետևանքով:
Հիշեցնենք, որ Սենատն այսօր պետք է հաստատեր նորընտիր նախագահ Ջո Բայդենի՝ ընտրիչների կողմից ստացած ձայները:
Ավելի վաղը Դոնալդ Թրամփը, Վաշինգտոնում իր հազարավոր աջակիցներին դիմելով, հայտարարել էր, որ «մենք երբեք չենզ նահանջի»:

















