Իրանում անցկացվող զորավարժություններում առաջին անգամ արհեստական բանականություն և տեղական արտադրության «կամիկաձե» անօդաչու է կիրառվել  

16:53 • 07.01.21

Իրանի բանակի օդուժի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Էլհամին հայտնել է, որ զորավարժությունների ժամանակ մի շարք թռիչքային ռազմավարություններ են փորձարկվել արհեստական բանականության կիրառմամբ:

Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, արհեստական բանականությունն առաջին անգամ է կիրառվել երկրում անօդաչուների մասնակցությամբ անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների ժամանակ:

«Երկար տարիներ Իրանի բանակը մեծ ուշադրություն էր դարձնում անօդաչուների կիրառմանն ու դրանց որակի բարելավմանը: Մենք շատ մեծ հաջողությունների ենք հասել այս առումով», - ասել է գեներալը Սեմնանի նահանգում անցկացվող զորավարժությունների ժամանակ:

Վերջինս հավելել է, որ զորավարժությունների ընթացքում բանակային ուժերն առաջին անգամ փորձարկել են նաև տեղական արտադրության «կամիկաձե» անօդաչուն, որն ստացել է «Արաշ» անվանումը:

Իրանում հարյուրավոր անօդաչուների մասնակցությամբ անցկացվող առաջին լայնամասշտաբ զորավարժությունները մեկնարկել են երեքշաբթի: Տվյալ անօդաչուներն օգտագործվում են ինչպես բանակի ցամաքային ուժերի, այնպես էլ օդուժի և նավատորմի կողմից: