«Կոնգրեսի շենքի վրա հարձակումը հրահրել էր գործող նախագահը»․ Թրյուդո

23:45 • 08.01.21

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է իր աջակիցներին հրահրել հունվարի 6-ին հարձակում գործել Կոնգրեսի շենքի վրա, գրում է CBC-ը։

«Այն, ինչ մենք տեսանք, ապստամբների հարձակում էր ժողովրդավարության վրա, որոնց հրահրել էին գործող նախագահն ու այլ քաղաքական գործիչներ»,- լրագրողներին հետ զրույցում ասել է Կանադայի վարչապետը։

Նրա խոսքով՝ կանադացիները ցնցված էին Կապիտոլիումում տեղի ունեցած իրադարձություններով։  «Բռնությունը տեղ չունի մեր հասարակությունում և ծայրահեղականները հաջողության չեն հասնի», - հավելել է Կանադայի վարչապետը:

Հարցին, թե արդյոք նրա հայտարարությունը չի վնասի Կանադայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, Թրյուդոն պատասխանել է․ «Կարծում եմ՝ շատ կարևոր է պաշտպանել ժողովրդավարությունը»:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են:Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել: